News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը՝ 18:00-20:30-ին, Նոր Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության եւ արտաքին քաղաքականության կայացման ակունքներում` իր անգնահատելի ներդրումն ունենալով այդ գործում։  Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ․, Երեւանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980թ․՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։  1991թ․-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1994թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 1995-1999թթ․ համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում եւ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթ․ զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018թթ․ նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ 2018թ․ նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։  Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաեւ օտար լեզուներով եւ կարեւոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։  Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական եւ հասարակական բազմաթիվ պարգեւների․ 2017թ․ պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ