News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաց-ադրբեջանական փորձագիտական խմբի հերթական հանդիպումը վրաց-ադրբեջանական պետական սահմանագծման հարցի վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը պետք է տեղի ունենար առաջիկա օրերին Թբիլիսիում, հետաձգվել է։ Ինչպես լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հանդիպումը հետաձգվել է, բայց անպայման տեղի կունենա։

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Հանդիպումը հետաձգվել է որոշակի ժամանակով, բայց անպայման կկայանա... Փորձագետների այդ հանդիպումը լավ հնարավորություն կլինի տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար»,- ասել է նախարարը։

Այդ ընթացքում ադրբեջանական «Ազերբերպա» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներն այցելել են վանական համալիր՝ տեսչական այցով։ Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության, զարգացման եւ վերականգնման պետական ծառայության տնօրեն Թեյմուր Քերիմլին, տարածքն ուսումնասիրելով, ասել է, որ այցելուների հարմարավետության համար պատմական հուշարձանի տարածքում կստեղծվի արդիական ենթակառուցվածք։ «Այժմ վարվում են բանակցություններ արգելոցի աշխատակիցների համար վարչական շենքի կառուցման մասին։ Բացի այդ, կնորոգվեն ճանապարհները, կուժեղացվեն հուշարձանների պահպանմանն ուղղված միջոցները»,- նախարարին մեջբերում է ONA գործակալությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ կողմնակից է ադրբեջանա-վրացական շտապ սահմանագծմանը»։ Ադրբեջանցի փորձագետները Վրաստանին կոչ են անում չքաղաքականացնել համալիրի հարցը եւ իրարանցում չստեղծել դրա շուրջ։

Վրացական պահպանողական ռուսամետ խորհրդարանական  ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը հունիսի 15-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում բողոքի ակցիա է իրականացրել՝ «Դավիթ Գարեջան Վրաստան է» կարգախոսով։ Կուսակցության առաջնորդներն ասել են, որ ակցիայի գլխավոր նպատակը Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին հասկացնելն է, որ Վրաստանի ժողովուրդը չի հրաժարվի Դավիթ Գարեջայի վանքից։

Հունիսի 20-ին Բաքվում երկու երկրների խորհրդարանների նախագահները քննարկել են վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արդյունքում՝ ստեղծվել է հանձնաժողով, որի նպատակն է գտնել խնդրի անվեճ լուծում։

Դավիթ Գարեջայի վանքը ստեղծվել է մոտավորապես 6-րդ դարում։ Այդ ժամանակվանից պետական սահմանները բազմաթիվ անգամ փոխվել են այդ շրջանում, եւ այսօր վրաց-ադրբեջանական սահմանի չկարգավորված հատվածն անցնում է հենց համալիրով։ Սահմանագծման եւ, հետեւաբար, պատմական հուշարձանի ճակատագրի մասին բանակցությունները քանիցս վերսկսվել են երկու երկրների միջեւ, բայց առայժմ ոչնչի չեն հանգեցրել։ Վրաց-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքի ֆոնին «Ազերբերպա» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների այցը եւ այդ ինստիտուտի տնօրեն Թ. Քերիմլիի հայտարարությունը պարզ հասկանալ են տալիս, որ Բաքուն ոչ միայն չի զիջի Դավիթ Գարեջայի վանական համալիրը, այլեւ ծրագրում է այնտեղ նոր նախագծեր իրականացնել։ Ավելին, փաստերը մատնանշում են թուրք-ադրբեջանական հետքի մասին այս ամբողջ պատմության մեջ, եւ Թբիլիսիում հունիսի 20-ի հակառուսական հուզումները մտածել են տալիս, որ անկարգությունների պատվիրատուները եղել են Անկարան եւ Բաքուն, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի բազմամյա տնտեսական էքսպանսիան չէր կարող չվերաճել քաղաքական ազդեցության եւ ներգործության մեխանիզմների ձեռքբերման։

Րաֆֆի Սամվելյան  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ