News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն)  տարրի մրցանակակիր: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 8-ին՝ Փարիզում, Մաքուր եւ կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC)  Գլխավոր ասամբլեայի 50-րդ եւ IUPAC-ի՝ 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսի նիստում:

Այս տարի աշխարհը նշում է Մենդելեեւի պարբերական աղյուսակի 150-ամյակը: Այս կապակցությամբ  IUPAC-ը եւ Երիտասարդ քիմիկոսների միջազգային ցանցը (IYCN) անցկացրեցին մրցույթ ամբողջ աշխարհի երիտասարդ քիմիկոսների շրջանում: Հաղթող ճանաչված 118 երիտասարդ քիմիկոսները, ում աշխատանքները ներառում է IUPAC- ի առաքելությունն ու հիմնական արժեքները, դարձան  Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118 տարրերի ներկայացուցիչ: Այսպիսով, ստեղծվել է Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակը (https://iupac.org/100/pt-of-chemist/):

Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը ստացել է «օգանեսոն» (Og) անունը՝ ի պատիվ  տարրը հայտնաբերողի՝ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանի:

Սոֆիյա Այդինյանի հետազոտությունները ներառում են նյութաբանության ոլորտը, մասնավորապես, կեղծ համաձուլվածքների, կենսահամատեղելի միացությունների, դժվարահալ անօրգանական միացությունների եւ այլ նանոկառուցվածքի նյութերի ստացումը բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի` (ԲԻՍ) կամ այրման սինթեզի եղանակով: Գիտական հետազոտություններից են կենսավերարտադրողական համակարգերի մոդելավորումը եւ ստացումը ԲԻՍ եղանակով ադիտիվային տեխնոլոգիաների համար, ինչպես նաեւ կենսագազից ջրածնի ստացման ելքը մեծացնելու համար կայուն, արդյունավետ եւ մատչելի կատալիզատորների ստացումը լուծույթների այրմամբ սինթեզի եղանակով: Ներկայումս նա նաեւ զբաղվում է ադիտիվային տեխնոլոգիաների համար անհրաժեշտ կառուցվածքով բարձրջերմաստիճանային նյութերի սինթեզով: Սոֆիյա Այդինյանն առաջարկել է այրման ռեժիմում գերամուր եւ թեթեւ, նանոկառուցվածքով կերամիկական նյութերի ստացման նոր եղանակ 3D տպագրության համար, որոնք հեռանկարային են համարվում տիրեզերաշինության համար:

Տպել
Ամենաշատ