News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Երեւանում Courtyard By Marriott հյուրանոցը կմիավորի հայկական հյուրընկալությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունները (ֆոտոռեպորտաժ

Marriott International-ի գլխավոր գործառնական տնօրեն Ռայներ Զահաուն լրագրողներին ասաց, որ այս հյուրանոցն, անկասկած, նոր խոսք կդառնա հյուրընկալության եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում։

«Դեռեւս հեռավոր 1927 թվականին մեր ընկերությունը հիմնած պարոն Մարիոթը այսպիսի սկզբունք ուներ՝ մենք պետք է հոգ տանենք մեր աշխատակիցներին, որ մեր աշխատակիցներն էլ հոգ տանեն մեր հյուրերին, որպեսզի նրանք կրկին ու կրկին մեզ մոտ վերադառնան։ Մենք հետագայում եւս հենց այս սկզբունքով ենք առաջնորդվելու, որպեսզի թե՛ մեր աշխատակիցների, թե՛ մեր հյուրերի համար Courtyard By Marriott-ն առանձնահատուկ տեղ լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռայներ Զահաուն։

Այսօր՝ հուլիսի 10-ին, Marriott International-ը եւ Galaxy Group of Companies-ը համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Երեւանում կկառուցվի նոր Courtyard By Marriott հյուրանոցը, որը պետք է կառավարի Marriott International-ը։

Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Երեւան են ժամանել օտարերկրացի մի քանի տասնյակ հյուրեր, այդ թվում՝ Marriott International-ի ներկայացուցիչներ, ղեկավարությունը եւ գերմանական դիզայներական «Կոնտուրա» ընկերության մասնագետները, որոնք աշխատել են հյուրանոցի ինտերիերի դիզայնի վրա, ինչպես նաեւ մեծ թվով գործարարներ եւ զբոսաշրջության ոլորտի, բանկային գործի, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ապահովագրության փորձագետներ։

Նախատեսվում է նոր Courtyard By Marriott-ի կառուցումն ավարտել 2020 թվականին։ Հյուրանոցը կստեղծի ավելի քան 120 նոր, բարձր վարձատրվող աշխատատեղեր, եւ ինչպես հավաստիացնում են փորձագետները, կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։

Galaxy Group of Companies-ի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ այս նախագծին ներգրավվել էր միջազգային ընկերություն, որը Հայաստանում ուսումնասիրություն կատարելով՝ իր առաջարկներն է տվել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի նոր հյուրանոցը եւ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Պարզվեց, որ ամենահետաքրքիր լուծումը այսպես կոչված «mixed use» շենքի կառուցումն է, որի մեջ կլինի ե՛ւ հյուրանոց, ե՛ւ բնակելի համալիր, ե՛ւ համաժողովների դահլիճներ, ե՛ւ մի ամբողջ շարք ծառայություններ՝ նորագույն սարքավորումներով հագեցած մարզադահլիճից մինչեւ գեղեցկության սրահներ եւ ՍՊԱ կենտրոններ։

Շուտով հենց այսպիսի շենք կկառուցեն Տերյան 5 հասցեում. բարձրահարկ շենքի մի հատվածը կզբաղեցնի նոր Courtyard By Marriott-ը, իսկ երկրորդ հատվածում կլինի 75 բնակարան։ Յուրաքանչյուր հատված կունենա իր առանձին մուտքը, սակայն ինչպես ընդգծեց Galaxy Group of Companies-ի գլխավոր փոխտնօրեն Հայկ Լորիկյանը, համալիրի բնակիչները կկարողանան հեշտությամբ հայտնվել մարզադահլիճում, գեղեցկության սրահներում եւ ՍՊԱ կենտրոններում։ Նախագծի եւս մեկ հետաքրքիր առանձնահատկությունն է 4-հարկանի կայանատեղին՝ հաշվարկված 113 մեքենայի համար։ Քանի որ հյուրանոցը Երեւանի կենտրոնում է, կայանատեղին միանշանակ մեծ հաջողություն կունենա, վստահ են նախագծի հեղինակները։

Շենքի ճարտարապետությամբ զբաղվել է Broadway Malyan-ի ճարտարապետների միջազգային խումբը, որի ղեկավար Սթյուարդ Ռաֆը ասաց, որ շենքը որակյալ կլինի, ժամանակակից, իսկ դիզայնն այնպես է մտահղացած, որ այն Երեւանում ներդաշնակ դիտվի։ Շինարարության մեջ կօգտագործվեն ինչպես տեղական քարեր, այնպես էլ շատ այլ նյութեր, որոնք տարածված են արդի ճարտարապետության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ