News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է ՔԿԾ աշխատակազմին եւ վստահություն հայտնել, որ բոլորն են գիտակցում իրենց առջեւ դրված բարդ եւ պատասխանատու աշխատանքը: «Անելիքները շատ են, դրանք  մեկ օրում, մեկ ամսում եւ նույնիսկ մեկ տարում լուծվող հարցեր չեն, բայց մենք մեր աշխատանքով օր օրի պետք է փոփոխություն ցույց տանք: Այն պետք է լինի տեսանելի ու չափելի»,- ասել է արդարադատության նախարարը:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանին քրեակատարողական ոլորտում ներդրած իր ավանդի ու Հայաստանին մատուցած ծառայության համար եւ նորանոր ձեռքբերումներ մաղթել հետագա գործունեությունում:

Ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին՝ նախարարը նշել է, որ վերջինս հարուստ փորձ ունի, աշխատել է իրավապահ համակարգում՝ Դատախազությունում եւ քննչական մարմիններում, պարկեշտ, իր գործին նվիրված, պրոֆեսիոնալ անձ է:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նախարար Բադասյանը նշել է, որ անընդհատ խոսվում է դատապարտյալների վերասոցիալականացման գաղափարներից, դատապարտյալների ուղղումից,  պատժիչ համակարգից դեպի վերականգնողական արդարադատություն անցնելուց, բայց իրականում չգիտենք՝ դա ինչպես է պետք անել: 

«Սա համակարգային խնդիր է, պայմանավորված չէ անձերով, պայմանավորված չէ ղեկավար անձնակազմով ու կատարողներով: Այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ նման հարց մենք մեզ չենք տվել ու չենք ստացել դրա պատասխանը»,- նշել է նախարարը եւ այդ առումով կարեւորել ոլորտային քաղաքականություն մշակող մարմնի՝ Արդարադատության նախարարության, եւ քրեակատարողական մարմինների միջեւ սերտ համագործակցությունը:

ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի քրեակատարողական համակարգի ղեկավարումն իրեն վստահելու համար, ՔԿԾ անձնակազմին՝  կատարած համատեղ աշխատանքի համար եւ բոլորին մաղթել է բարի ու անփորձանք ծառայություն:

Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը եւս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին ՔԿԾ ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ստանձնած բացառիկ առաքելությանը: Նա վստահեցրել է, որ ուժերի ներածին չափով եւ գործող առողջ ներուժի ներգրավմամբ հետեւողականորեն կշարունակի համակարգի բարեփոխումը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Արթուր Գոյունյանը ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի կադրերից է:

Տպել
Ամենաշատ