News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արկտիկայում հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբին հասել է 50 մլն տոննայի։ Դա ավելին է, քան СО2-ի բոլոր արկտիկական հրդեհների հանրագումարային արտանետումները, որոնք տեղի են ունեցել 2010-2018 թվականներին, տեղեկացրել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես Ժնեւեւմ կայացած ճեպազրույցում ասել է ՀՕԿ ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, «արտասովոր շոգ եւ չոր եղանակը Հյուսիսային կիսագնդի շրջաններում նպաստել է հրդեհներին՝ Միջերկրածովից մինչեւ Արկտիկա»։

«Կլիմայի փոփոխությունը՝ բարձրացող ջերմաստիճանով եւ տեղումների բնույթի տեղաշարժերով, ավելացնում է ամառային հրդեհների ռիսկը եւ երկարացնում սեզոնը (որի ընթացքում դրանք տեղի են ունենում)»,- պարզաբանել է նա։ Հունիսի սկզբից արկտիկական հրդեհների պատճառով գրանցվել է ավելի քան 100 հրդեհ, երկրագնդի մթնոլորտ, ՀՕԿ տվյալներով, «արտանետվել է 50 մեգատոննա ածխաթթու գազ, ինչը համարժեք է Շվեդիայում տարեկան արտանետումների ծավալին»։

Հրդեհները սովորական երեւույթ են Հյուսիսային կիսագնդում մայիսից հոկտեմբերին, ասել է Նյուլիսը, բայց այս տարի դրանց աշխարհագրական լայնությունն ու ինտենսիվությունը, ինչպես նաեւ շարունակականությունը «առանձնապես արտասովոր են»։ Հրդեհներն ամենից ուժեղ եղել են Ալյասկայում եւ Սիբիրում, որտեղ որոշ օջախների մակերեսը հասել է մոտ 100 հազար ֆուտբոլի դաշտի։ Կանադայի Ալբերտա նահանգում հրդեհներից մեկի մասշտաբը գերազանցել է 300 հազար ֆուտբոլի դաշտը։

2019-ի սկզբին Ալյասկայում տեղի է ունեցել գրեթե 400 հրդեհ։ Հուլիսի 4-ին այստեղ ջերմաստիճանը եղել է ռեկորդային՝ Ցելսիուսի 32 աստիճան։ Սիբիրում տեղ-տեղ միջին ջերմաստիճանը հունիսին 10 աստիճանով ավելի բարձր է եղել միջինից՝ 1981-2010 թվականների համեմատ։

ՀՕԿ-ում ասել են, որ «երկրագնդի հյուսիսային հատվածն ավելի արագ է տաքանում, քան ամբողջ մոլորակն ընդհանուր առմամբ», եւ դա հանգեցնում է «անտառների չորացման՝ դրանք ավելի խոցելի դարձնելով հրդեհների համար»։

Ինչպես նշել է Նյուլիսը, ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ «նպաստում են գլոբալ ջերմացմանը»։ Մեծ հրդեհների պատճառով 2014-ին Կանադայում այդ գազի արտանետումները գերազանցել են 103 մլն տոննան։ ՀՕԿ պաշտոնական ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել Արկտիկայում շրջակա միջավայրի փխրունության վրա, «որն ավելի արագ է ջերմանում, քան մյուս շրջանները»։ Սառույցին նստող ծխի մասնիկները առաջ են բերում արեւի ճառագայթների կլանում, ինչն արագացնում է ջերմացումն Արկտիկայում։ Բացի այդ, հրդեհներն ավելացնում են հավերժական սառածության հալչելու ռիսկն ապագայում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի մեթանի առաջացման, որը, ինչպես եւ СО2-ն, ջերմոցային գազ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ