News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երեւան-Սեւան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաեւ «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթեւեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետեւում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:

Հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք:

Ուղղաթիռի ներգրավվածությունը օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաեւ օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ:

ՀՀ ոստիկանության ու «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության համագործակցության շրջանակում ուղղաթիռներ կկիրառվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության ծառայության, այլեւ ոստիկանության այլ միջոցառումների ընթացքում:

Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սեւանա լիճ: Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում:

Տպել
Ամենաշատ