News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օրերս մամուլում հրապարումներ եղան, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ծեծի է ենթարկել  ոմն Վահե Պառազյանի՝ պահանջելով ընկերությունից յուրացված 10 միլիոն եվրոն փոխանցել Արցախի աջակցման հիմնադրամին:

Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը որեւէ նման միջադեպի՝ ասելով, որ իրեն ուղղված մեղադրանքները բանսարկություն են: Այսօր էլ Հատուկ քննչական ծառայությունից հայտարարեցին, որ Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել, նրանցից չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Պառազյանների եւ Կարապետյանների հակասությունը տարիների պատմություն ունի: Բանն այն է, որ Վահե Պառազյանի հայրը՝ Աշոտ Պառազյանը, 2016թ.-ին  աշխատել է «Տաշիր» ընկերությունում, որտեղից սկանդալային աղմուկով հեռացվել է՝ «Տաշիրի» կապալառուների հետ կոռուպցիոն սխեմայի մշակմամբ՝ խոշոր գումարի յուրացման համար։

Ըստ տեղեկությունների, Նարեկ Կարապետյանի  եւ Վահե Պառազյանի վերջին հանդիպումը կայացել է «Սիզընս» ռեսորանում՝ Պառազյանի նախաձեռնությամբ: Ականատեսների վկայությամբ,  Պառազյանը փորձել է հաշտություն եզրեր գտնել Կարապետյանի հետ եւ նոր բիզնես առաջարկ է արել նրան, սակայն մերժում ստանալուց հետո փորձել է հարվածել Նարեկ Կարապետյանին, որին միջամտել են անվտանգության աշխատակիցները: Վահե Պառազյանը հայտարարել է, որ միջադեպի փաստն օգտագործելու է  Կարապետյաններից վրեժ լուծելու համար:

Ուշագրավ է, որ սա Վահե Պառազյանի մասնակցությամբ միակ քրեական պատմությունը չէ: Նա կալանավորված է եղել ռուսաստանաբնակ գործարար Մարգարյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ առեւանգելու եւ դրամաշորթության  համար:

Առեւանգված գործարարի փաստաբան Օլեգ Կորեննոյը «Русарминфо»-ի հայտնել է, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ-ի հունիսի 29-ին երեք անձ Վահե Պառազյանի նախաձեռնությամբ առեւանգել են Մարգարյանին, ծեծի ենթարկել ու տարել Մոսկվա:

Փաստաբանի խոսքով՝ Մոսկվայում Մարգարյանին հանձնել են Պառազյանին, ով իր մարդկանց հետ (ենթադրաբար՝ հայեր եւ չեչեններ) ֆիզիկական ուժի գործադրմամբ եւ սպառնալիքով հաշվեհարդար է տեսել. նրան նստեցրել են ավտոմեքենա եւ հասցրել են մայրաքաղաքի արդյունաբերական տարածք, որտեղ նրան երեք ժամ շարունակ ծեծի են ենթարկել ու պահանջել խոշոր գումար։ 

«Նվաստացումն ու բռնությունը շարունակվել է բնակարանում, ուր տուժողին տեղափոխել են առեւանգողները։ Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննության արդյունքում սահմանվել են վնասվածքներ  դեմքի շրջանում հեմատոմայի տեսքով, վերին ծնոտի ձախակողմյան հատվածի արտաքին եւ ներքին պատերի փակ կոտրվածքներ, աջ հատվածում երկու կողոսկրի փակ կոտրվածք եւ այլ վնասվածքներ։ Մարգարյանի առեւանգման առնչությամբ քրեական գործ է հարուցվել միայն դեպքից մեկ տարի անց՝ 2016թ-ի նոյեմբերին, ՌԴ ՔՕ համապատասխան հոդվածներով՝ «Մարդու խմբակային առեւանգում՝ բռնության գործադրմամբ հանցավոր նպատակներով» եւ «Խաբեություն խոշոր ունեցվածքի հափշտակման նպատակով»,-ասել է փաստաբանը: 

Առեւանգման նախապատմությունից հայտնի է, որ Մարգարյանն աշխատել է Վահե Պառազյանի հոր՝ Աշոտ Պառազյանի հետ ու Կալուգայում նրա հետ ղեկավարել է մի քանի կազմակերպություններ։ Որոշ ժամանակ անց գործընկերների միջեւ կոնֆլիկտ է առաջացել։ Այդպիսով, գործնական հարաբերությունները նախկինում մտերիմ գործարարների միջեւ ավարտվել են։

Ներկա պահին քրեական գործով անցնող Վահե Պառազյանը վերջերս կրկին հայտնվել է հանցավոր պատմության կենտրոնում, բայց այս անգամ, փաստաբան Օլեգ Կորեննոյի կարծիքով, օգտագործել է իր բանտային փորձը եւ փորձել է ներկայացնել իրեն զոհի կարգավիճակում՝ դիմելով հայկական ԶԼՄ-ների օգնությանը, որոնք տեղյակ չեն Ռուսաստանում Պառազյանի դեմ հարուցված քրեական գործին ու դրա մանրամասներին։

Մարգարյանի փաստաբանը կարծում է, թե զոհի կերպարը Պառազյանի պատկերացումներում գործող միջոց է Ռուսաստանում իր դեմ հարուցված առեւանգման ու դրամաշորթության հոդվածով քրեական գործը ստվերելու համար:

Տպել
Ամենաշատ