News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանի իրավիճակի պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ կառավարությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 16-ին ասել է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

Նա նկատել է, որ Սեւանի խնդրի մասին քաղաքացիական հասարակությունը խոսում է արդեն երկար տարիներ, իսկ այսօր արդեն պետք է շտապ միջոցներ ձեռնարկել նրա փրկության համար։ «Գլխավոր խնդիրը, անշուշտ, ջրի ցածր մակարդակն է, որը պետք է լինի 1903,5-1905 մետր, որպեսզի լիճը կարողանա ձեւավորել պաշտպանիչ շերտ՝ կանխելու համար ջրիմուռների առաջացման եւ ճահճացման վտանգը։ Մենք արդեն նամակ ենք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդին Սեւանի խնդիրների լուծմանը մոբիլիզացնելու հորդորով»,- ասել է նա։

Զարաֆյանը նշել է, որ Սեւանի ափին կան կառույցներ, այդ թվում անօրինական, որտեղ նույնպես պետք է ստուգումներ անցկացվեն եւ որոշումներ կայացվեն, քանի որ 1905 մետր անհրաժեշտ մակարդակի բարձրացման դեպքում  4729 շինություն կհայտնվի ջրի տակ, եւ այն, որ ջրի մակարդակը չի բարձրանում, կարող է ունենալ որոշակի առեւտրային շահ այդ շինությունների սեփականատերերի կողմից։

Նա ասել է, որ փոքր Սեւանն արդեն ճահճանում է, իսկ հայտարարությունները, թե լիճն ինքնամաքրվում է, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ջրիմուռները, ինչպես եւ մյուս նյութերը, պարզապես նստվածք են տալիս եւ նորից ըստ շրջափուլի բարձրանում են։ «Իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն, իրականացնեն համալիր հետազոտություն, գնահատեն ռիսկերը, իրականացնեն քարտեզագրական աշխատանք։ Առանց դրա չի կարելի ստույգ ասել, թե ինչ է տեղի ունենում, եւ որ գլխավորն է՝ ինչ պետք է անել։ Բայց առայժմ մենք տեսնում ենք, որ խորհրդարանում ի հայտ են գալիս օրինագծեր Սեւանի մասին, սակայն ոչ մի գործողություն չկա, կան միայն կոչեր»,- ավելացրել է Ինգա Զարաֆյանը։

«Ակնհայտ է, որ որոշ ռեստորաններում մատուցվում է, օրինակ, սիգ, ընդ որում՝ մեծ քանակությամբ, բայց համապատասխան պետական գերատեսչությունները չգիտես ինչու աչք են փակում դրա վրա։ Դեռ 2007-2008-ին ընդունվել է որոշում որոշ օբյեկտների ապամոնտաժման մասին, բայց առայժմ ոչինչ չի արվել։ Բացի այդ, ջրի տակ կարող են հայտնվել նաեւ ճանապարհներն ու բարձրավոլտ գծերը։ Այս բոլոր հարցերը մենք բարձրացնում ենք 2001-ից, բայց առայժմ ոչ մի լուծում չկա»,- ամփոփել է էկոլոգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ