News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում։

Ջրային կոմիտեի գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։

Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում է տրվել հնարավոր բոլոր խնդիրներին՝ կապված ոռոգման ջրի մատակարարման հետ։ Արտաշատ ՋՕԸ-ի ղեկավարությանը հանձնարարվել է ոռոգման թեժ շրջանում ավելի ճկուն գործել և միշտ պահպանել արդար բաշխման սկզբունքը։ Տիղմից ու ջրաբերուկներից ջուրն ազատելու համար էլ հանձնարարվել է լրացուցիչ ցանցեր դնել, որպեսզի աղբը չխցանի ջրանցքներն ու առուները։

Տեղում որոշում է կայացվել նաև եկող տարվա հիմնանորոգումների ծրագրում ընդգրկել նախագիծ, որով պոմպակայանից դուրս եկող երկրորդ խողովակաշարը կկառուցվի՝ 800 մետր երկարությամբ, որպեսզի ջրատվությունն ավելանա։

Կայացած երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում Քաղցրաշեն համայնքի բնակիչներն իրենց հերթին խոստացել են պայմանագրեր կնքել և ժամանակին վճարել ստացած ջրի դիմաց։ Հարություն Գուլյանը քաղցրաշենցիներին հորդորել է ոռոգման հետ կապված ցանկացած հարցով դիմել ուղիղ Ջրային կոմիտեին և անձամբ իրեն»։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Քաղցրաշենի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի առաջ՝ հայտարարելով, որ իրենց այգիները չորանում են ոռոգման ջրի բացակայության պատճառով։

Տպել
Ամենաշատ