News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայաստանյան հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց է. հայկական կողմը փաստացի առաջին անգամ արձագանքեց գրեթե 40 օր տեւած այդ գործընթացին, ի՞նչ եք կարծում` ի՞նչ կլինի հետայսու՝ հարցրինք «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին։

«Ասեմ, որ լիովին կիսում եմ Վլադիմիր Վարդանյանի մոտեցումը՝ ստորագրահավաքը վտանգներ է պարունակում թե՛ սահմանադրականության, թե՛ ղարաբաղյան բանակցություններում մեր դիրքերի թուլացման  տեսանկյունից»:

Այդ դեպքում, երբ արդեն իսկ 16 հազար ստորագրություն է հավաքվել, ինչո՞ւ հայաստանյան կողմն այդքան ուշ արձագանքեց, ինչո՞ւ կանխավ չարվեց դա։ «Կդժվարանամ ասել, բոլոր դեպքերում, Վ. Վարդանյանը հայտարարությունն արել է պատեհ առիթով` խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում»:

Կարո՞ղ ենք ասել, որ վերջին շրջանում աննախադեպ` Հայաստանի-Ղարաբաղի իշխանություններ-ընդդիմություններ տեսակետը համընկել է գոնե մեկ հարցում։

«Կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ, առավելաբար, վերքաղաքական համատեքստում՝ որպես ազգային շահերը վտանգող գործընթաց, որով իրավական կարգավիճակ է տրվում մեկ այլ պետության քաղաքացուն, ինչն անընդունելի է․ որեւէ ճանաչված եւ կամ չճանաչված պետության Սահմանադրության մեջ չկա նման բան` ո՛չ Աբխազիայի, ո՛չ Օսեթիայի եւ ո՛չ էլ Կիպրոսի սահմանադրություններում, չնայած որ առաջինների դեպքում դա կարող էր առնչվել Ռուսաստանին, Կիպրոսի դեպքում` Թուրքիային»:

Իրավական հանրության այս կոնսենսուսը կազդի՞ Սամվել Բաբայանի հետագա քայլերի վրա։ «Բոլոր դեպքերում ես հույս ունեմ, որ Սամվել Բաբայանի թիմում կգերակշռի պետական մտածողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ