News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ միջուկային զենքը Եվրոպայում տեղակայված է Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ Թուրքիայի ռազմակայաններում։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի զեկույցից, որը պատահաբար հրապարակվել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի կողմից, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով The Washington Post-ին։

Պարբերականը ճշգրտում է, որ զեկույցը՝ «Միջուկային զսպման նոր դարաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների վերահսկողություն եւ դաշնակիցների միջուկային ուժերը» անվանմամբ, պատրաստել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության կոմիտեի կանադացի անդամը դեռ ապրիլին, բայց ԶԼՄ-ները դրան ուշադրություն են դարձրել ամիսներ անց։ Փաստաթուղթը մատնանշում է ԱՄՆ միջուկային զենքի 150 միավորի մասին։

«Այդ ռումբերը պահվում են վեց ամերիկյան եւ եվրոպական կայաններում՝ Kleine Brogel Բելգիայում, Buchel Գերմանիայում, Aviano եւ Ghedi-Torre Իտալիայում, Volkel Նիդեռլանդներում եւ Incirlik Թուրքիայում»,- ասվում է զեկույցում, որը հրապարակվել է De Morgen բելգիական թերթում։ Շուտով փաստաթուղթը հանվել է, նշում է ամերիկյան պարբերականը։

Միեւնույն ժամանակ, անցած շաբաթ հրապարակվել էր զեկույցի վերջնական տարբերակը, որտեղ ամերիկյան միջուկային զենքի պահման վայրերը չեն նշվում։

Աղբյուրը ՆԱՏՕ-ում The Washington Post-ին տեղեկացրել է, որ ապրիլին հրապարակված զեկույցը դաշինքի պաշտոնական փաստաթուղթը չէր։ «Մենք չենք մեկնաբանում ՆԱՏՕ միջուկային պոտենցիալի մանրամասները»,- ավելացրել է նա։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի առկայության ապացույցներ եղել են նաեւ նախկինում։ 2009-ին, օրինակ, Ֆիլ Մյորֆին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, դիվանագիտական հեռագրում հայտնել էր իր մտահոգությունները Բեռլինին այն մասին, թե որքան երկար հնարավոր կլինի պահել զենքն այդ երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ