News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական հաստատություններում ամենակարեւոր խնդիրը մնում է մատուցվող բուժսպասարկումների անբավարար մակարդակը։ Այս մասին հուլիսի 17-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ կարեւոր խնդիր է բուժանձնակազմի անկախության մակարդակը, ինչի հետեւանքով քրեակատարողական հաստատություններում գոյություն ունի բժիշկների հանդեպ վստահության խնդիրը։ «Դա համակարգային խնդիր է։ Երկար տարիներ բժիշկները դիտարկվել են որպես «ուսադիրների» կրողներ, բայց ոչ բժիշկներ»,- նկատել է Թաթոյանը։

Օմբուդսմենը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ անցյալ տարի ստեղծվել է քրեակատարողական բժշկական կենտրոն, որը, սակայն, առայժմ գործում է միայն թղթի վրա։ «Այժմ միջոցներ են ձեռնարկվում կենտրոնի աշխատանքներն ակտիվացնելու համար, բայց դրանք անհրաժեշտ է արագացնել»,- ավելացրել է մարդու իրավունքների պաշտպանը։

Եվս մեկ խնդիր է, օմբուդսմենի կարծիքով, կադրերի անբավարարությունն ու անբավարար պատրաստվածությունը, իսկ որոշ քրեակատարողական հաստատություններում երբեմն՝ բժիշկների բացակայությունը։ «Ցածր սոցիալական երաշխիքները, ցածր աշխատավարձերը թույլ չեն տալիս որակյալ մասնագետներ ներգրավել ՔԿՀ-ներում»,- փաստել է Արման Թաթոյանը։

Օմբուդսմենի խոսքով՝ չի կատարվում նաեւ պատշաճ սոցիալ-հոգեբանական աշխատանք ՔԿՀ-ներում, եւ մարդը ստիպված է 23 ժամ անցկացնել նեղ փոքր խցում՝ մաքուր օդում միայն մեկ ժամ գտնվելու հնարավորությամբ։ Բացի այդ, չկա ՔԿՀ-ներում մահացությունը կանխելու միջոցների ծրագիր, բոլոր հարցերը լուծվում են դեպքից դեպք։

Թաթոյանը համոզված է, որ քրեակատարողական հաստատությունների գերբեռնվածության հարցը համակարգային մակարդակով կարելի է լուծել միայն փորձարկման, ինչպես նաեւ ժամկետից շուտ ազատ արձակման արդյունավետ համակարգի ներդրմամբ։ «Այն, որ այժմ նկատվում է ՔԿՀ որոշ բեռնաթափում, թեեւ որոշ տեղերում գերբեռնումը դեռ պահպանվում է, համաներման արդյունք է, իսկ դա արհեստական միջոց է եւ պայմանավորված է քաղաքական փոփոխություններով։ Պետք է հասնել ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման, որպեսզի այդ գործընթացները պայմանավորված չլինեն քաղաքական իրավիճակով։ Բացի այդ, իրավապահ համակարգը պետք է ձերբակալությունը կիրառի որպես հարկադրյալ միջոց, եւ սրա շուրջ նույնպես պետք է աշխատանքներ տանել»,- պարզաբանել է մարդու իրավունքների պաշտպանը։

Նա ավելացրել է, որ խնդիր կա նաեւ զուգարանների հետ կապված, որտեղ չկան միջնապատեր խցերի միջեւ, թեեւ, միջազգային չափորոշիչներով, դրանք պետք է լինեն։

Օմբուդսմենը նկատել է, որ քրեակատարողական հաստատություններում դեռեւս պահպանվում է այնպիսի երեւույթ, ինչպիսին է հանցավոր ենթամշակույթը, որը դեռեւս կարող է խնդիրներ ստեղծել մարդու իրավունքների տեսակետից։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ