News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունաստանի նոր գումարման խորհրդարանի պատգամավորները, որոնք ընտրվել են հուլիսի 7-ի համընդհանուր ընտրություններում, չորեքշաբթի առաջին նիստում երդվել են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ուղղափառ պատգամավորների երդումն ընդունել է Հելլադայի ուղղափառ եկեղեցու հովվապետ, Աթենքի եւ համայն Հելլադայի արքեպիսկոպոս Երոնիմը։ Երեք մուսուլման պատգամավորներն այն ընունել են Ղուրանի վրա, իսկ պատգամավորների մի մասը ցանկացել է երդումն ընդունել աշխարհիկ արարողակարգով։

Բանակռիվներ խորհրդարանում, ավանդույթի համաձայն, աշխատանքի առաջին օրը չեն անցկացվում։ Հինգշաբթի խորհրդարանի երկրորդ նիստում տեղի կունենա խորհրդարանի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը, որի պաշտոնին կառավարող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունն առաջադրել է Կոստաս Տասուլասին։ Նախկին վարչապետ  Ալեքսիս Ցիպրասի Ձախ արմատական ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ), որն ընդդիմություն է անցել, արդեն հայտարարել է, որ չի առարկում նրա ընտրության դեմ։ Տասուլասը 2007-ին եղել է ազգային պաշտպանության նախարարը նախկին վարչապետ Կոստաս Կարամանլիսի կառավարությունում, իսկ 2014-ին՝ մշակույթի եւ սպորտի նախարար Անտոնիս Սամարասի կառավարությունում։

Հուլիսի 20-ին կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը։ Խորհրդարանի կանոնադրության համաձայն՝ կսկսվեն եռօրյա բանավեճեր, որոնք, ինչպես սպասվում է, կավարտվեն հուլիսի 22-ի կեսգիշերին, կառավարությանը վստահության մասին քվեարկությամբ։ Կառավարությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, անկասկած, կստանա վստահության քվեն։

Հուլիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել աջ կենտրոնական «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, որը մեծամասնություն է ստացել (158 տեղ) 300 հոգանոց միապալատ խորհրդարանում եւ ձեւավորել է կառավարություն։ Ալեքսիս Ցիպրասի արմատական ձախ ուժերի կոալիցիան գլխավոր օրենսդիր մարմնում ստացել է 86 տեղ, ձախ կենտրոնական կուսակցական «Փոփոխությունների շարժում» (ԿԻՆԱԼ) միավորումը՝ 22 տեղ, Հունաստանի Կոմկուսը՝ 15 տեղ, նախկին լրագրող Կիրիակոս Վելոպուլոսի ուլտրաաջ «Էլինիկի լիսի»-ն («Հունական որոշում»)՝ 10 տեղ, ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսի МЕРА25 ձախ շարժումը՝ 9 տեղ։

Խորհրդարանի նոր կազմում առաջին անգամ ընտրված 112 պատգամավոր կա։ Պատգամավորական կորպուսի անդամներից 61-ը (20,3 տոկոս) կանայք են։ Խորհրդարանի անդամների մեծ մասը կրթությամբ իրավաբաններ են (71 մարդ), 36 խորհրդարանական սովորել է որպես բժիշկ, երրորդ տեղը նախկին տնտեսագետներինն է (32 պատգամավոր), չորրորդը՝ ինժեներներինն ու լրագրողներինը (27)։ Պատգամավորական կորպուսի ամենաերիտասարդ անդամներն են 29-ամյա Վանգելիս Լիակոսը «Նոր դեմոկրատիայից» եւ Մարիա Ապաձիլին МЕРА25-ից, որը ծնվել է ԽՍՀՄ-ում պոնտացի հույների ընտանիքում եւ տեղափոխվել է Հունաստան, երբ երեք տարեկան է եղել։ Ամենատարեց պատգամավորի տիտղոսը Յանիս Տրագակիսինն է, որն առաջին անգամ խորհրդարան ընտրվել է 1974-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ