News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը եւ բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: 

«Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել եւ ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն եւ մոբիլ, միեւնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երեւույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման եւ ստացվող արդյունքի որակը: Ի վերջո, կա նաեւ այսպիսի կարեւոր հանգամանք, որ հնարավորինս աջակցի տեղական արդյունաբերությանը, տեղական ծառայությունների եւ տեղական բիզնեսի զարգացմանն ընդհանրապես:

Այս ընթացքում եղել են մի քանի բանավեճեր եւ կա տեսակետ, որ իրականում մեր այսօրվա ընթացիկ համակարգն, ըստ էության, համապատասխանում է այս չափանիշներին, պարզապես պետք է բարձրացնել դրա իմացության մակարդակը համապատասխան մարմիններում, կա կարծիք, որ գնումների ոլորտում չեն այդ խնդիրները եւ դրանք ավելի շատ հարակից ընթացակարգերի ու կառուցակարգերի հետ են կապված: Հույս ունեմ՝ այսօրվա քննարկման արդյունքում այդ բանավեճին, ի վերջո, մենք լուծում կգտնենք եւ կհասկանանք, թե ինչ ունենք անելու եւ ինչպիսին է ընթացիկ իրավիճակը»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:        

Այնուհետեւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն նկարագրել է պետական գնումների համակարգը, առկա խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական գնումների կարգավորումներին, ընթացակարգերին, գնման տեսակներին, թղթային եւ էլեկտրոնային գնումների կազմակերպմանը, գնումների գործընթացներին մասնակցող ընկերություններին ներկայացվող պահանջներին, հայտերի գնահատման գործընթացին, բողոքարկման ընթացակարգին եւ գնումների կազմակերպման պարզեցմանը:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ՝ պետական գնումների ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու եւ արդիականացնելու վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է հետեւողականորեն շարունակել ոլորտի բարեփոխումներն ու ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ: Մասնավորապես, վարչապետը հանձնարարել է բոլոր այն գերատեսչություններին, որտեղ առկա է խոշոր գնումների պոտենցիալ եւ ռազմավարական ծրագրերի տեսլական՝ գնումների ռազմավարությունը պլանավորել երկարաժամկետ հատվածի համար՝ 5-10 տարվա կտրվածքով, որպեսզի պոտենցիալ մասնակից ընկերությունների հետաքրքրվածությունը գնումների նկատմամբ մեծանա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն դեպքերի համար, երբ գնման առարկաների արտադրությունը հնարավոր է կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում՝ պետք է ստեղծել համապատասխան պայմաններ եւ իրականացնել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք կմեծացնեն մեր երկրի ներդրումային գրավչությունն օտարերկրյա ներդրողների շրջանում եւ կխթանեն նրանց ներգրավվածությունը կոնկրետ ապրանքների տեղական արտադրության գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ