Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի եւ հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ կատարեցին Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-ամերիկյան գործընկերային եւ բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք հարցերի շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը: