Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ հուլիսի 17-ի երեկոյան բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանը։
Նա պատմեց, որ մի ցուցարարի մեջքին են խփել, մյուսի քիթը վնասել, բայց չեն կարողացել հեռացնել ճանապարհից, քանի որ ժողովուրդը շատ է եղել։ Այժմ նրանք սպասում են պաշտոնյաների, որոնք լուծում կտան իրենց խնդրին։
Բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, նրանց թվում նաեւ ոստիկաններ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։
Միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել:
Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։