News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որոշ ամերիկացի պաշտոնյաներ կարծում են, որ խնդրի արմատը, թե ինչու Թրամփի վարչակազմին չհաջողվեց համոզել Թուրքիային չգնել ռուսական Ս-400 համակարգեր, Թուրքիայում պետհեղաշրջման փորձն էր երեք տարի առաջ, գրում է Reuters-ը։

Թեեւ նրանք խոստովանում են, որ Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունների վատացումը վերջին տարիներին եւ Ռուսաստանի աճող ազդեցությունն Անկարայի վրա, գուցե, նույնպես օգնել են Թուրքիային հակվել Ս-400-ներ գնելուն, ամերիկացի երեք պաշտոնյաները եւ աղբյուրը պաշտպանության համակարգում Reuters-ին տեղեկացրել են մեկ այլ աշխատանքային տեսության մասին, որը տարածվել է Թրամփի վարչակազմում։

Այդ պաշտոնյաների խոսքով՝ հենց Ռուսաստանից, այլ ոչ թե ՆԱՏՕ անդամից նման համակարգեր գնելու պատճառներից մեկն այն է, որ Էրդողանը գուցե զգուշանում է սեփական ռազմաօդային ուժերից, որոնք կարեւոր դեր են խաղացել 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման ժամանակ։

Փորձագետները կարծում են, որ Ս-400-ներով Թուրքիան ավելի լավ կհակադարձի սեփական ինքնաթիռների կողմից կառավարության դեմ ցանկացած հարձակում, քան ամերիկյան Patriot համակարգը։

Raytheon Co ընկերության Patriot հրթիռները, որոնք առաջարկվել են Թուրքիային, ունեն երաշխիքներ, որոնք թույլ են տալիս խուսափել «բարեկամական կրակից» ՆԱՏՕ այլ ռազմական ինքնաթիռների դեմ, ինչպիսին են թուրքական ՌՕՈւ ինքնաթիռները։ «Դուք պետք է հարցնեք ինձ. ինչո՞ւ են Էրդողանին իսկապես հարկավոր ռուսական համակարգերը»,- ասել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը։ «Նա չի վստահում սեփական ռազմաօդային ուժերին»։

ԱՄՆ երկու մյուս պաշտոնյաները եւ պաշտպանության ոլորտի աղբյուրը նույն տեսությունն են առաջադրել։

«Լուրեր են պտտվում, որ նա ցանկանում է (ռուսական համակարգը), որպեսզի պարզապես պաշտպանի իրեն։ Նա չի ցանկանում ՆԱՏՕ-ում ինտեգրված համակարգեր»,- ասել է պաշտոնյաներից մեկը։

Բարձրաստիճան թուրք պաշտոնյան հերքել է, որ զինված ուժերի հետ կապված մտահոգությունը մոտիվացնող գործոն է հանդիսացել այդ որոշման համար։ «Թուրքիային չի անհանգստացնում հեղաշրջման հերթական փորձը, եւ նա վստահում է սեփական բանակին եւ օդաչուներին»,- հավաստիացրել է նա։

Մեկ այլ թուրք պաշտոնյա ասել է, որ Անկարան միշտ ցանկացել է գնել Patriot-ներ, բայց ստիպված էր դիմել Ռուսաստանին։

Ինքը՝ Էրդողանը, ասել է, որ Թուրքիան գնել է Ս-400-ներ, որովհետեւ Ռուսաստանն իր հետ կնքել է ավելի շահավետ գործարք, եւ թուրք պաշտոնյաները պահանջել են Միացյալ Նահանգներից կոշտ պայմաններ Patriot-ի գնի, համատեղ արտադրության եւ տեխնոլոգիաների հանձնման վերաբերյալ։

Նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ պաշտպանել է Էրդողանին՝ ասելով, որ Անկարան ընտրել է ռուսական համակարգը միայն այն պատճառով, որ Թրամփի նախորդը՝ Բարաք Օբաման, չի կարողացել նրան կենսունակ այլընտրանք առաջարկել։

Բայց Թուրքիայի կատարած գնումը դառնացրել է Վաշինգտոնին։ Պենտագոնը, որը Ս-400-ները դիտարկում է որպես սպառնալիք իր զինանոցի ամենաարդիական կործանիչների՝ F-35-ների համար, նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհրաժարվի Թուրքիային այդ ինքնաթիռները վաճառելու պլաններից։

Թուրքական ռազմաօդային ուժերի օդաչուները գլխավոր դեր են խաղացել անհաջող հեղաշրջման ժամանակ՝ սպառնալով կառավարական ինքնաթիռին, որով թռչում էր Էրդողանը։

Հունիսին Թուրքիայի ՌՕՈւ նախկին ղեկավար Աքին Օզթուրքը ցմահ ազատազրկման էր դատապարտվել հեղաշրջմանը մասնակցելու համար: Միայն այս ամիս թուրք դատախազները կարգադրել էին այս գործով կալանավորել եւս 176 զինծառայողի:

Միացյալ Նահանգների մեկ այլ ներկայացուցիչը բնութագրել է  2018 թ. ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումը, որտեղ թուրք գործընկերները, խոսելով նոր հակաօդային պաշտպանության համակարգի մասին, իրենց ՌՕՈւ-ն անվանել էին  անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը, որի հետ երկիրը բախվում է:

«Թուրք պաշտոնյան նշել է, որ կառավարության հիմնական սպառնալիքը մնում է Թուրքիայի սեփական ՌՕՈւ-ն, որը շահագործել է ՆԱՏՕ ինքնաթիռները, հարձակվել կառավարական օբյեկտների վրա եւ 2016 թվականի հեղաշրջման ժամանակ փորձել սպանել նախագահ Էրդողանին»,- ասել է աղբյուրը:

«Իսկ С-400 համակարգը ստեղծված է ՆԱՏՕ ինքնաթիռներին հակազդելու համար», - նշել է նա:

Անկասկած է, որ անգամ սրա կողմնակիցները խոստովանում են, որ С-400-ի գնումը կապված է նաեւ այլ գործոնների հետ:

Դրանց թվում Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի աճող ազդեցությունն է, Սիրիայում պատերազմի հետ կապված Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ պառակտումը եւ անգամ Էրդողանի հպարտության զգացումը ԱՄՆ ճնշման դիմաց՝ ՌԴ-ի հետ գործարքից հրաժարվելու կապակցությամբ:

Էրդողանը վրդովված է նաեւ Փենսիլվանիայից մուսուլման հոգեւորական Ֆեթուլա Գյուլենին արտահանձնելու Վաշինգտոնի  մերժումից, որն, ըստ Թուրքիայի, սադրել է հեղաշրջումը: Գյուլենը հերքում է իր մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ