News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Հարցին՝ արդյոք ինքը կարող է ապօրինի ծառահատողների անուններ տալ, Գրիգորյանն ասաց, որ առանց որեւէ հիմնավորվածության, որեւէ անուն չի կարող նշել. «Սյունիքում տասնյակ անտառապահներ կան, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր, բայց անձը, որ պետք է լինի այդ ամբողջ համակարգի հետեւում, դա իրավապահ մարմինների կողմից ներկայացվող տեղեկություն պետք է լինի: Ես առանց որեւէ հիմնավորվածության որեւէ անուն չեմ նշի, որովհետեւ չեմ կարծում, թե ես ունեմ այդ իրավունքը»։

Այն տեղեկություններին, որ շինարարության համար ապօրինի հատված փայտը Հայաստանից արտահանվում է Վրաստան, Գրիգորյանն ասաց, որ փայտանյութի արտահանման համար նախկինում գործող որոշակի կարգ կար, թե ինչպես է արտահանվում, դա հիմնականում արվում է ներքին շուկայում՝  եւ՛ վառելափայտը, եւ՛ շինափայտը։

«2019 թվականի օրինական հատումների ծավալը, դրանք խնամքի հատումներն են, որը մեր մասնագետների ներկայացմամբ, միայն անտառի համար անհրաժեշտ ծավալն է, որի կարիք չկա, դա 17 հազար խորանարդ մետր է ընդհամենը։ Այսինքն՝ մնացած այդ մեծ ծավալը, որի մի մասը անտառամերձ համայնքներում է, մյուսը ոչ անտառամերձ համայնքներում է, մի մասը գնողունակն է, մի մասը՝ ոչ գնողունակը, դա ձեւավորվում է հիմնականում ապօրինի հատումներից, ինչպես նաեւ՝ մի որոշակի մաս սեփական տարածքներից։ Դա ստվերային մի հսկայական կառույց է, որի դեմ այդ բոլոր փոփոխությունները եւ՛ կադրային, եւ՛ ոստիկանության տեսչական մարմինների աշխատանքի, նաեւ օրենսդրական փոփոխությունները միտված է, որպեսզի այս համակարգը ուղղակի ջարդվի»,- ասաց նախարարը։

Նախարարը պարզաբանեց, որ նախկինում, երբ եղել է բնապահպանության փոխնախարար՝ չի համակարգել եւ պատասխանատու չի եղել այդ խնդրին. «Հիմա ոլորտի պատասխանատուն ես եմ, եւ այն բոլոր գործողությունները, որը մենք անում ենք, դա օրենսդրական կլինի, թե՝ համագործակցություն իրավապահ մարմինների հետ, ես, անձամբ, պատասխանատվություն եմ կրում մեր կատարած աշխատանքների համար»։

Էրիկ Գրիգորյանը նաեւ նշեց, որ Սյունիքի անտառտնտեսություններում հիմնականում անտառհատումներ չկան, բարվոք վիճակում են. «Տավուշում ու Լոռիում, մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկը Իջեւանի անտառտնտեսությունն է, որտեղ մենք տասն օր առաջ կադրային փոփոխություն ենք արել, ղեկավարը փոխվել է»։

Հարցին՝ արդյոք այդ փոփոխությունների հետ կապված էին Իջեւանում բողոքի ակցիա անում, նախարարը նշեց, որ այդ ամբողջ գործընթացը կապված է մի քանի գործոններով.

«Առաջինը, երբ նախկինում անտառհատման տոմսը տրվում էր, դրանով հնարավոր էր ամիսներով շրջանառել եւ մեկ թղթով ապօրինի մեխանիզմով փայտ հանել: Հիմա դրվել են հսկվող կետեր: Հաջորդիվ օրենսդրական փաթեթը, որ մշակել ենք եւ շուտով կստանա օրենքի տեսք, խստացումներ են արվել անտառային ոլորտում: Նախկինում վարչական իրավախախտում, եթե արվում էր, հաջորդ անգամ էլ, եթե արվեր նույն արարքը նորից վարչական իրավախախտում էր, հիմա երկրորդ անգամ վարչական իրավախախտման դեպքում արդեն քրեական է դառնում: Առաջին անգամ քրեական օրենսգրքի մեջ ֆիքսվել է փայտի տեղափոխումը, նախկինում միայն հատումն էր: Օրենսդրորեն փակվել են հնարավոր բոլոր սողանցքերը, փոխվել են ղեկավարները, մյուս կողմից ոստիկանությունը, տեսչական մարմինները, կետերը հսկողություն դնելով, կառավարում են հոսքերը եւ ապօրինի հատման գործընթացի դեմ հսկողություն է իրականացվում: Խոսքը վերաբերում է Իջեւանի, Լալվարի եւ ճամբարակի անտառտնտեսություններին»։

Նախարարն ասաց, որ նախկինում համակարգն այնպես էր կառուցված, որ մարդիկ, ովքեր որ ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների գործընթացին, նաեւ որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա. «Չի եղել համապատասխան շահագրգռվածությունը կարգավորել, եւ պատժիչ կանխարգելիչ մեխանիզմը սարքել բավարար, որպեսզի մարդիկ 50 անգամ մտածեն, նոր որոշեն՝ մտնել անտառ, թե՝ չմտնել»։

Նախարարն ասաց, որ ապօրինի անտառահատումների վիճակագրությունը երկար տարիներ եղել է ֆիկտիվ թվեր. «Նշված է շատ սահմանափակ թիվ, հիմա 2018-2019-ին թվերը 10 հազար 12 հազար ծառ, 8 հազար ծառ, հենց հիմա Իջեւանի անտառտնտեսությունում 1000-ից ավելի ծառի տեսչական ակտավորման գործընթացի մեջ է։ Այսինքն՝ նշվել է, որ ապօրինի հատվել է 100 կամ 1000 ծառ, մինչդեռ դրանք շատ սահմանափակ թվեր են: 2018-2019 թվականներին ֆիքսվել է 10 000, 12 000 ծառ, այսինքն՝ թվերն աճել են: Վիճակագրական տեսակետից ամեն ինչ ավելի վատ է, իսկ իրականության տեսակետից ապօրինի անտառհատումների ծավալը նվազում է էականորեն, բայց բացահայտումները պետք է ամբողջական լինեն»։

Տպել
Ամենաշատ