News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր՝ հուլիսի 18-ին, տավուշի մարզպետարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Իջեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ նախօրեին եղած բախման նախապատմությունը։ Նշենք, որ այդ պահին մարզպետարանում էին նաեւ նախօրեին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներից հետո ձերբակալված քաղաքացիների հարազատները եւ պահանջում էին ազատ արձակել իրենց որդիներին:

Մարզպետի խոսքով, դեռ երկու օր առաջ ինքը հանդիպել է բնակիչների հետ, որոնք եւ կառուցողական եւ ոչ կառուցողական առաջարկներով են հանդես եկել. «Քննարկել ենք անտառհատման  հետ կապված բոլոր հնարավոր հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Հայանտառը» եւս մեկ անգամ քննարկի խնդիրը եւեւ հնարավորինս կանոնակարգման եղանակով ապահովի, որ մարդիկ օրինական կերպով օգտվեն անտառի հնարավորություններից: Դա երեք բաղադրիչ է. առաջին թափուկն է, որ տրամադրվում է անվճար սեփական կարիքների համար: Երկրորդ տեսակը թամատապալն է, որի մասով որոշում է կայացվել եւ նշվել է այն անտառտնտեսությունը, որտեղ կա չափաքանակ եւ կարող են բոլորը դիմել, ստանալ փաստաթուղթ եւ օգտվել դրանից: Երրորդը հատատեղիներն են, որն իրականացնում է «Հայանտառը»:

Վերջին տարիների ընթացքում անօրինական անտառահատումները կարգով մի քանի անգամ՝ 5-7 անգամ ավելի մեծ ծավալներ են ունեցել, քան օրինական անտառհատումները, մեկ տարի առաջ դեռեւս ՀՀ կառավարությունն առաջարկ արեց ներկայացրեց ամբողջ խնդիրը»,- հայտարարեց մարզպետը:

Այդ ընթացքում մարզպետարանում բողոքող ցուցարարների հարազատներն անընդհատ ընդհատում էին. «Կառավարություն կա հա՞, Հայաստան կա՞, թուրքեր են ... սուտ եք ասում, ամեն ինչը սուտ եք ասում, խորհրդարան չկա»:

Դա հունից հանեց մարզպետ Չոբանյանին եւ նա ձայնը բարձրացնելով ասաց. «Հիմա բոլորդ լսե՛ք եւ իմացե՛ք հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետության հետ շանտաժի լեզվով խոսել չի կարելի, սա պետություն է եւ այս պետության հետ շանտաժի լեզվով ոչ ոք խոսել չի կարող՝ ո՛չ հանրապետության ներսում, եւ ո՛չ էլ դրսում»։

Նա նշեց, որ հենց սկզբից էլ ասվել է, եւ ասվելու է մինչեւ վերջ, որ պետությանը ներկայացված որեւէ անօրինական պահանջ չի ընդունվելու: «Ոչ միայն չի ընդունվելու, այլ ամենախիստ ձեւով պատժվելու է: Մեզ համար տարբերություն չկա, որ մեր երկրի պետականության իրավունքը խախտում է ադրբեջանցին, թե տեղացին, եթե որեւէ մեկը պետականությանը դեմ է, ուրեմն ՀՀ-ին դեմ է, ժողովրդին դեմ է»,-ասաց մարզպետը:

Հայկ Չոբանյանը շարունակեց, որ երեկ շուրջ 50 հոգի ագրեսիվ ձեւով պահանջում էին,  որպեսզի վերացնեն Դիլիջանի անցակետը: «Դա ուղիղ նշանակում է հետեւյալը, որ մենք շարունակելու ենք անօրինական անտառհատումը եւ անօրինական տեղափոխելու ենք եւ վաճառելու ենք: Մենք ասել ենք ոչ եւ այլեւս ոչ»,- նշեց նա եւ հավելեց, որ արդեն հավանաբար համոզեցին եւ ստիպեցին մարդկանց հասկանալ, որ կատակ չեն անում:

«Ի՞նչ է նշանակում մինչեւ Վարդավառ բացեք գնանք, նշանակում է անիշխանականություն»,-ասաց մարզպետը:

Կողքից նշեցին, թե դա նշանակում է, որ երեխայի համար են մտածում: 

«Ո՛չ, երեխայի մասին չէ: Այն բեռը, որ էնտեղից վերցնում ես, երեք հոգու կաշառք ես տալիս ու հիմա իր շահերն ես պաշտպանում, եթե ուզում ես անօրինական բեռ տանես, քո երեխաների մասի՞ն ես մտածում: 200 աշխատատեղի մասին հայտարարություն եմ անում ու ոչ մի դիմում չեմ ստացել: Եթե որեւէ մեկն ունենա սոցիալական խնդիր, աշխատանքի խնդիր, մինչեւ հիմա այդ մեկը գոնե դիմած կլիներ: Եթե կա աշխատանքի խնդիր հենց հիմա ցուցակագրվեք եւ մենք ձեզ աշխատանք կառաջարկենք»,-ասաց Չոբանյանը:

«Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժեք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը ոչնչացնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, մարզպետը նշեց, որ այդ հարցը գտնվում է  իրավապահների ուսումնասիրության ներքո եւ որեւէ մեկը դրան միջամտելու իրավունք չունի. «Անմեղ են, թե մեղավոր են, կորոշի ՀՀ օրենսդրությունը: Մեկ տարի առաջ հեղափոխություն ենք արել հանուն արդարության, հանուն պետականության, եւ թույլ չենք տա, որեւէ մեկը փորձի հեղաշրջում անի կամ ճանապարհ փակի հանուն անօրինականության, պետականության դեմ»:

Նա հորդորեց գնալ տները եւ սպասել, թե ինչ ընթացք կտրվի ձերբակալվածների գործերին։

Ցուցարար կանանցից մեկը ցույց տվեց ձեռքի կապտուկներն ու հարց ուղղեց. «Սա՞ է ոստիկանության օրինականությունը»:

Մարզպետը նշեց, որ անգամ մեկ րոպեով ճանապարը չպետք է փակվեր, որովհետեւ այն ռազմավարական ճանապարհ է. «Մեր միակ սխալը այն է եղել, որ թույլ ենք տվել, որ անգամ մեկ րոպեոն փակվի ճանապարհը»:

Նշենք, որ առավոտից Իջեւան քաղաքում լարվածություն կա. նախօրեին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո ձերբակալված 13 քաղաքացիների հարազատները Տավուշի մարզպետարանի դիմաց են: Նրանք պնդում են, որ տեղեկություն չունեն իրենց հարազատներից: Ավելի ուշ հարազատները մտել են մարզպետարան եւ հանդիպել են մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, սակայն միջանցքում լարված խոսակցություն է եղել մարզպետի հետ եւ վերջինս հեռացել է:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ