News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից մարզպետարանում հրավիրված խորհրդակցությունն ավարտվել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա պատմեց, որ խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները.  «Ունեցանք շատ անկաշկանդ եւ բովանդակային զրույց, որ հասկանանք խնդիրները եւ կարողանանք լուծել դրանք։ Այն ուղերձը եւ հորդորը, որ կուզեմ հնչեցնել Տավուշի մարզի ազգաբնակչությանը, հետեւյալն է՝ Տավուշի մարզը բացառիկ մարզ է իր անտառներով։ Մարզի անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ դիտելը։ Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, եւ այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է անտառային օրենսգրքում փոփոխություն, որ ազգաբնակչությանը թույլ տա անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ եւ զբոսաշրջային տարածքներ»։

Վանեցյանի խոսքով՝ քննարկվել է նաեւ այլ տարբերակ.

«Մյուս տարբերակն այն է, որ վառելանյութը, որը հանվում է անտառից, այսպես կոչված թափուկ փայտը քաղաքացիները, որոնց այդ վառելանյութն իրականում պետք է, օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար, հասցեատերերին հասնի այդ փայտանյութը։ Համայնքի ղեկավարների կողմից առաջարկ եղավ, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ քաղաքացիները անտառ չմտնեն, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի այդ թափուկ փայտը, հանի անտառից դուրս եւ համայնքի ղեկավարների եւ մարզպետարանի միջոցով բաժանվի բնակիչներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իջեւան է ժամանել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Իջեւանում է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ