News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ նաեւ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան հետախուզական միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, միայն ԱԱԾ-ի կողմից ավելի քան 10 քրեական գործ է հարուցված ապօրինի անտառահատման հետ կապված, որոնցում ներգրավված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք՝  թե անտառտնտեսության պաշտոնատար անձինք, թե իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք, բոլոր գործերով  Քննչական կոմիտեում տարվում է քննություն»,–նշեց նա։

Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված միայն մեկ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձանց, որոնց թվում նաեւ պաշտոնատար անձինք կան. «Անատառագողության հետ կապված միայն ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որից միայն մեկ գործով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել, մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնատար անձանց»։  

Անդրադառնալով երեկ իջեւանցիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ԱԱԾ տնօրենը կոչ արեց քաղաքացիներին, որ այլեւս այդպիսի արարքներ թույլ չտան եւ բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի եւ համայնքի ղեկավարների հետ բանակցությունների միջոցով. «Ես համոզված եմ, որ թե մարզպետարանը եւ համայնքի ղեկավարները հաստատ կգտնեն լուծումներ»։

Վանեցյանը շեշտեց, որ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ ակցիա էր, ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր. «Սադրանք էր, որը մեր մարզ այցելելուց եւ այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ մեղավորները չեն բացահայտվելու եւ չեն պատժվելու»։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշված 36 հոգուց 19-ը բերման են ենթարկվել, այսօրվա ընթացքում 2 կամ 3 հոգի եւս բերման են ենթարկվել, կան մի քանի անձինք, որոնք թաքնվում են իրավապահներից. «Համոզված ենք՝ նրանք կգան, ինքնակամ կներկայանան, կամ մեզ համար դժվար չէ՝ ոստիկանության հետ համատեղ կհայտնաբերվեն եւ կկանգնեն օրենքի առաջ»։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին լուծում կտրվեն. «Մեր այցելությունը որեւէ բան չի փոխվել, մեր այցելությամբ մենք ուզեցել ենք Տավուշի մարզի բնակիչների ուշադրությունը գրավենք, որ իրենց բարձրացրած հարցերը մեր ուշադրության կենտրոնում է եւ ստանալու է լուծում, որը բավարարելու  եւ մեր քաղաքացիներին եւ պետությանը»։ 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան էլ շեշտեց, որ մեկ այլ կարեւոր որոշում է կայացվել մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ.

«Համայնքային ղեկավարությունը՝ համայնքի ղեկավարները եւ ավագանիները պետք է ուղղակի ավելի ակտիվ եւ անմիջական մասնակցություն ունենան այս գործընթացների կազմակերպմանը, քանի որ նրանք ավելի մոտիկից գիտեն համայնքի խնդիրները եւ համայնքի բնակիչների խնդիրները  եւ համայնքում ով ինչով է զբաղված։ Հետայսու եթե պիտի լինեն այսպիսի ակցիաներ, կարեւոր չէ դրանք կլինեն պետականությանը էլի սպառնացող թե չսպառնացող, ուղղակիորեն լինելու է համայնքի ղեկավարների եւ ավագանիների մասնակցություն»։

Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Իջեւանում է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ