News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից այսօր՝ հուլիսի 18-ին, կազմակերպվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն: NEWS.am-ին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ-Դին Հասունը խոսեց սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են եւ միշտ կմնան սիրիական հասարակության անբաժանելի մասը: Ահմադ Բադր ալ-Դին Հասունն անդրադարձ կատարեց Սիրիայի մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում հայերի ունեցած մեծ ավանդին, շեշտելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունից փրկված հայերը ոչ միայն փրկության ափ գտան Սիրիայում, այլեւ, որպես նշան մեծ երախտագիտության, ամբողջությամբ լծվեցին Սիրիայի շենացման եւ բարգավաճման գործին` բարեկամության կամուրջներ կառուցելով երկու եղբայրական երկրների` Սիրիայի եւ Հայաստանի միջեւ:

ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ Սիրիայի Մեծ Մուֆթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ ժողովրդին փոխանցեց սիրիական իշխանությունների երախտագիտությունն ու շնորհակալական խոսքը, միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե՛ առողջապահության, եւ թե՛ հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին եւ բարձր գնահատականին:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշեց, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում եւ Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ամբողջական ծավալով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության եւ ժողովրդի անունից մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին` ինչն առաջին հերթին դիտարկել է որպես բարոյական պարտքի դրսեւորում:

Շնորհակալություն հայտնելով Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ-Դին Հասունին կենտրոն այցելության, ինչպես նաեւ բարձր գնահատականի եւ վստահության համար, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանն նշեց, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել համասփյուռ հայ ժողովրդի կողմից եւ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի մեղմացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների տրամադրմանը:

Պատվիրակության անդամներն այցելեցին խմբի կեցավայր, շփվեցին հայ մասնագետների հետ եւ իրենց գոհունակությունը հայտնեցին մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ