News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2018 եւ 2019 ֆիսկալ տարիներին ԱՄՆ պաշտպանության եւ պետական դեպարտամենտների՝ միջազգային ռազմական եւ իրավապահ ոլորտներում ֆինանսական օժանդակությամբ Ադրբեջանին հատկացվող միջոցները կազմել են ավելի քան 102,5 մլն դոլար, հաղորդում է «Ռազմինֆոն»:

Այս թեմայով վերլուծություն է հրապարակել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը:

2018 ֆիսկալ տարում Ադրբեջանին է տրամադրվել $59,667,000, իսկ 2019թ. ֆիսկալ տարվա համար նախատեսված է $42,910,000, ընդհանուր՝ $102,577,000:

Հայաստանին 2018-ին տրամադրվել է $4,172,000, 2019 եւ 2020 ֆիսկալ տարիներին Հայաստանի համար նախատեսվում է համապատասխանաբար՝ 2,8 եւ 2,1 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն։

Ադրբեջանի օժանդակության մեծագույն մասը՝ $101,515,000, տրամադրվում է Section 333 Authority to Build Capacity ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն եւ պարապմունքներ հակաահաբեկչական, կազմակերպված հանցավորության եւ թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա եւ սահմանային անվտանգության, ռազմական հետախուզության ոլորտներում:

2018թ. ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրված օժանդակության մեծ մասն էլ՝ $3,200,000, տրամադրվել է International Narcotics Control and Law Enforcement ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն եւ պարապմունքներ թմրանյութերի շրջանառության եւ հանցավորության դեմ պայքարի համար:

Նախորդ տարիներին տրամադրվող միջոցների համեմատ 2018–19–ին Ադրբեջանին տրամադրվող օժանդակության աճը կտրուկ է: Օրինակ՝ 2017-ին Ադրբեջանը ստացել էր ընդամենը 2 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն:

Հայաստանին տրամադրվող միջոցները գումարային առումով թեեւ անհամեմատելի են Ադրբեջանի հետ, սակայն համեմատության մեջ 2018-ի օժանդակությունը 2 մլն ԱՄՆ դոլարով ավելի է եղել քան 2017-ին։

[Հավելում] Ռազմինֆոյի հետ զրույցում Էմիլ Սանամյանը Ադրբեջանին տրամադրվող օգնության կտրուկ աճը պայմանավորում է Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությամբ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է ավելի շատ երկրներ միացնել հակաիրանական կոալիցիային, եւ այս օգնությունը դիտում է հենց այդ համատեքստում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ պարոն Սանամյանի, մեր երկրի հանդեպ դրական եւ հագեցած դինամիկա չի նկատվում, չնայած՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները փորձում են շտկել դա:

Հիշեցնենք, որ 2016-ին «Ռազմինֆոն», հիմնվելով նույն աղբյուրի վրա, հաշվել էր տարբեր ծրագրերով 2000–ից 2017 թվականներին ԱՄՆ-ի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրված ֆինանսակայն օժանդակությունը: Ըստ դրա՝ նշված տարիների ընթացքում Հայաստանը ստացել էր $124,014,527-ի, իսկ Ադրբեջանը՝ $254,495,911-ի օժանդակություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ