News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։

Մինչ այդ հայտնի դարձավ, որ որպես վկա հրավիրված Վճռաբեկ դատարանի անդամներ Ստեփան Միքայելյանը և Սուրեն Անտոնյանը չէին ներկայացել դատարան։ Նրանց հրավիրելու միջնորդություն ներկայացրած գիտնական անդամները  միջնորդեցին նիստը հետաձգել և ապահովել վկաների ներկայությունը, սակայն դատավոր անդամները չհամաձայնեցին։ Հարցը դրվեց քվեարկության. Ձայների 3 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ նիստը հետաձգելու միջնորդությունը մերժվեց և հարցի քննությունն ավարտվեց։

Հիշեցնենք, որ հարցի քննությունը մեկնարկել էր երեկ՝  հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամներին, որպես վկա ԲԴԽ նիստին  հրավիրելու հիմքով։

Նիստը հրավիրել է ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ:

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաեւ իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եւ քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Տպել
Ամենաշատ