News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Ընդհանուր առմամբ, մտահոգիչ է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը, որովհետեւ կարծես թե, նշվեց եւ չհերքվեց Գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրությամբ, որ առգրավվել են նաեւ այն նյութերը, որոնք վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով, դա արդեն շատ լուրջ ազդակ է իրենց համար, որ որոշակի անհագստություն ունենան հենց այդ գործի տեսանկյունից. «Մենք էլ ենք այսօր հաղորդագրություն տարածել, որ չգիտես ինչու այդ խուզարկությունը համընկավ այն իրողությունների հետ, որ թեպետ քրեական գործի նյութերը առաջին ատյանի դատարանը հիմա չունի, բայց մենք մեր կողմից ներկայացրել ենք եւ խնդրում ենք անհապաղ քննարկել պարոն Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը»:

Պաշտպանը հավելեց, որ դա ենթադրում է, եւ՛ օրենքն է պահանջում, եւ՛ անձի իրավունքն է պահանջում, որ անձի ազատության հարցը պետք է քննվի անհապաղ. «Ենթադրվում է, որ պարոն Գրիգորյանը պետք է այդ հարցին անհապաղ քննության առներ, ունենալով արդեն մեր կողմից տրամադրված նյութերը, բայց ինֆորմացիայի հիման վրա տեսնում ենք, որ ենթադրաբար նաեւ դրանք են վերցվել: Բայց խնդիր չէ մենք մի անգամ էլ կներկայացնենք, մենք այդ նյութերից շատ ունենք»:

Դիտարկմանը, որ Բարձրագույն դատական խորհուրդն ու Հատուկ քննչական ծառայությունն այսօր բացառել են, որ կարող է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը կապված լինի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, Խուդոյանն ասաց. «Ես ընդամենը հիմք եմ ընդունում փաստաբանի հայտարարությունն այն մասին, որ այդ խուզարկության ընթացքում առգրավվել են նյութեր, որոնք վերաբերում են մեր գործին: Թե խուզարկության նպատակը ինչն է եղել իմ գործը չէ դա գնահատել։ Տեղեկացված եմ նաեւ, որ կարծես թե այսօր հանդիպում լինելու է Բարձրագույն դատական խորհրդի եւ Դավիթ Գրիգորյանի միջեւ»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն անհագստացած չէ՞ այդ դեպքից, նա պատասխանեց. «Պարոն Քոչարյանը որեւէ գործի ընթացքից անհանգստացած չէ, ցանկացած գործողություն ակնհայտ անտրամաբանական եւ անհամաչափ էլ եթե լինում է, մենք այս գործով արդեն չենք զարմանում: Նորմալ ընթացք է, նորմալ ոչ իրավական, բայց ակնկալվող ընթացք է»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ