News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանիի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ողջունելով գործընկերոջը՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ Հայաստանի եւ Լիբանանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության եւ բարեկամության մթնոլորտում: Հաջողվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել, խթանել փոխշահավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ զարգացնել մշակութային ու գիտակրթական կապերը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առեւտրաշրջանառությունը երկրների միջեւ զգալի աճի հնարավորություններ ունի եւ առկա է մեծ ներուժ փոխշահավետ ներդրումների համար: Փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է գործարար համաժողովների կազմակերպման, գործարար համայնքների կապերի ակտիվացման եւ պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ձեւավորել Հայաստան-Լիբանան տնտեսական գործընկերության զարգացման համար: Այս համատեքստում կողմերը կարեւորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի եւ դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որը նոր հեռանկարներ կբացի համատեղ նախագծերի եւ տնտեսական կապերի ընդլայնման համար: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ՝ ի շնորհիվ մոտ 180 մլն բնակչություն եւ 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական միությունում անդամակցության ու Եվրասիական միություն – Իրան ազատ առեւտրի գոտու հաստատման:

Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ փոխվարչապետ Հասբանին ասել է, որ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում եւ զգալի ներդրում ունի Լիբանանի գրանցած առաջընթացում: Տիգրան Ավինյանը նշել է, որ լիբանանահայերը կարեւոր կապող օղակ են երկու երկրների միջեւ եւ շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման համար լավագույն պայմաններ ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ