News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Իջևանում վերջին օրերի բախումներից և լարվածությունից հետո այսօր իրավիճակը հանգիստ է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վերադարձել է Երևան, սակայն մեծ թվով ոստիկաններ մնացել են Իջևանում հսկում են ոչ միայն հասարարակական կարգը, այլև անտառի ելումուտը, որպեսզի կասեցնեն փայտի ապօրինի ցանկացած դուրսբերում։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ իշխանությունները վճռական են՝ հայտնաբերելու և արմատախիլ անելու իր բնութագրմամբ այն որջերը, որոնք տարիներ շարունակ սնել են կոռուպցիան և նպաստել անտառների ոչնչացմանը Հայաստանում։ 

Վերջին տվյալով Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով բերման ենթարկվածների թիվը 22-ն է, 13-ը ձերբակալվել են՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով և հարցաքննվել, ևս 11 անձի իրավապահներն այժմ որոնում է։ 

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի զորամաս, որտեղ ճաշել է ժամկետային զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարությունն այս զորամասում այժմ փորձարկում է մասնավորի հետ համագործակցության նոր մոդել, որի արդյունքում զինվորների սնունդը փոխվել է, սպասարկման եղանակը՝ նույնպես։ Ճաշելուց հետո Փաշինյանը կարծիք է հայտնել՝ սնունդն իսկապես տարբերվում է իր որակով, և համեղ է։ 

Բարձրագույն դատական խորհրդում այսօր դրամատիկ զարգացումներ տեղի ունեցան։ Խորհուրդը հավաքվել էր քննարկելու Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։ Հրավիրված վկաները նիստին չէին ներկայացել, այդ պատճառով նիստը տևեց մի քանի րոպե, խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ, և 1 ժամ անց որոշում կայացրեց՝ Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի, նա կշարունակի պաշտոնավարել որպես ԲԴԽ անդամ։ Մի քանի ժամ անց, սակայն անսպասելի զարգացում տեղի ունեցավ, Նախշուն Տավարացյանը, որը 9 ամիս առաջ ընտրվել էր, ապա հրաժարվել երդվել, իսկ մի քանի ամիս անց մտափոխվել էր, և դատավորների դիմադրության պայմաններում 1 շաբաթ առաջ երդվել՝ հանկարծ հրաժարական տվեց։ Իր այս որոշումը նա բացատրեց խորհրդում համերաշխության մթնոլորտի անհրաժեշտությամբ և խորհրդի որոշումների հեղինակությունը ստվերելու անթույլատրելիությամբ։ Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։

Դատավորներն այսօր նաև ԲԴԽ նախագահ են ընտրել։ Գաղտնի քվեարկությամբ նախագահ է դարձել Ռուբեն Վարդազարյանը։ Ընտրությունից հետո խորհրդի անդամները հանդիպել են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որը, հիշեցնենք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորն է, և, որի աշխատասենյակը 1 օր առաջ խուզարկվել էր։ Դատավորները ցանկանում էին պարզել, թե ինչ հետևանքներ է ունեցել խուզարկությունը դատավորի համար, արդյոք այդ ընթացքում խախտվել են նրա իրավունքները կամ փորձել են ազդել նրա անկախության վրա։ Դավիթ Գրիգորյանը հանդիպումից հետո չցանկացավ խոսել լրագրողների հետ։ Որոշ մանրամասներ հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նրա խոսքով՝ թեև պաշտոնական վարկածով խուզարկությունը կատարվել էր բոլորովին այլ քրեական գործի շրջանակում, ինքը՝ Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ դա կապված է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու իր որոշման հետ։ 

Խուզարկության վերաբերյալ կարծիք է հայտնել նաև ԲԴԽ նորընտիր նախագահը։ Վարդազարյանի խոսքով՝ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում, երբ դատավորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում առգրավում են նրա համակարգիչը։ 

Արտակարգ պատահար է գրանցվել Մոսկվայի «Շերեմետեւո»  օդանավակայանում։ «Մոսկվա-Երևան» չվերթի օդանավում աշխատել է ծխի ազդանշանը, թռիչքն ընդհատվել է։ lԴեպքը տեղի է ունեցել, երբ Boeing 747-ն արդեն թռիչքուղու վրա թափ էր հավաքում, ուղևորներին տարհանել են վթարային սանդուղքով։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 757 մարդ։ 8 մարդ տուժել է, 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ, ուղևորների մեծ մասն այլ օդանավով տեղափոխվել է Երևան, ընդ որում՝ նրանցից 19-ը հրաժարվել են թռիչքից։ Պարզվել է, որ ծուխն առաջացել է հիդրավլիկ հեղուկի և յուղի գոլորշիների՝ օդորակման համակարգում հայտնվելու պատճառով։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոր Արեշում 27-ամյա երիտասարդը դանակի մի քանի հարվածներով սպանել է 61-ամյա մորը, և վնասվածքներ հասցրել հորը, ապա ինքնավնասում կատարել։ Ոստիկանները ահազանգով ժամանել են դեպքի վայր, խլել նրա ձեռքից դանակը, ապա հորն ու որդուն տեղափոխել հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել երկուսի կյանքը։ Նախնական տվյալով՝ 27-ամյա երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի։

Վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկի տարածքում։ Պայթյունի հետևանքով մահացել է տանտերը՝ 74-ամյա Վիլսոն Հարությունյանը։ Ավելի ուշ դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է, անհայտ անձը պայթուցիկ սարքը մարտական դիրքի բերելով՝ ամրացրել է անասնագոմի դռան բռնակին, պայթյունը որոտացել է, երբ տանտերը բացել է գոմի դուռը։ Իրավապահներն այժմ փնտրում են նռնակը տեղադրողին։

Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է, Ալեքսիս Օհանյանը լինելու է կոնգրեսի մոդերատորը։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հայրենիք ուղևորության ժամանակ Օհանյանին կուղեկցի նրա տիկինը՝ ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի, առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։

Դոլարը և եվրոն թանկացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 476, եվրոյինը՝ 535, բրիտանական ֆունտինը՝ 596, ռուբլունը՝ 7.56 դրամ։ 

Հայաստանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևանում առաջիկա գիշերը սպասվում է +22-ից +24, ցերեկը՝ +36-ից +38 աստիճան տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ