News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 20-ին տեղի է ունեցել նոր ձեւավորված Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաեւ տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Բադասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացվել են քննարկումներ, ներկայացվել են Հակակոռուպցիոն ռազմավարության՝ www.e-draft.am –ում տեղադրված նախագծի տարբերակը, որն արդեն լրամշակման փուլում է եւ դատաիրավական ռազմավարության Նախարարության տեսլականը, որի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին:

Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության եւ գործողությունների ծրագրում ներդրվելիք նորարարական գործիքները, ուղղված՝ միջոցառումների ֆինանսական գնահատմանը, դրանց մշտադիտարկման եւ գնահատատման չափելի գործիքակազմերի ներդրմանն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ պատշաճ հաղորդակցության կազմակերպմանը: Բովանդակային առումով փոխնախարարն առանձնացրել է դատավորների բարեվարքության եւ գույքային դրության գնահատման արդյունավետ գործող մեխանիզմների սահմանումը Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, կարճ ժամանակահատվածում ամփոփելով վերջինններիս ուղղությամբ տարվող աշխատանքները, ստանալով միջազգային մասնագիտացված կառույցների փորձաքննության արդյունքները, փաստաթղթի շուրջ կկազմակերպվեն հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաեւ անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ նախագիծը դեռեւս լրամշակման փուլում է եւ դրա արդյունքում նախագծում կներառվեն նաեւ մոնիթորինգի իրականացման համակարգը եւ ռազմավարության ֆինանսական գնահատականը:

Հասարակական խորհրդի անդամներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել երկու կարեւոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնց ի պատասխան նախարար Բադասյանը ներկայացրել է լուծման իր տարբերակներն ու մոտեցումները:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների ներկայացուցիչներին ակտիվ ու արդյունավետ մասնակցության համար եւ վստահեցրել, որ այս ձեւաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Տպել
Ամենաշատ