News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ի դեպ, Հրանտ Մաթեւոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» վերնագրված ակնարկն է եղել, իսկ հարազատ գյուղը այս կամ այն կերպ՝ հերոսների, իրադարձությունների, բառապաշարի ու պատմությունների տեսքով ընկած է Մաթեւոսյանի գրական ստեղծագործության հիմքում:

Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ Մաթեւոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը՝ Համո Մաթեւոսյանը: Նախագահ Սարգսյանը գրողի եղբոր եւ որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի ուղեկցությամբ շրջել է տանը, Մաթեւոսյանի հեռակա մասնակցությամբ սեղան նստել ու հաց կիսել գրողի հարազատների հետ: Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Մաթեւոսյանները հետաքրքիր պատմություններ են հիշել Հրանտ Մաթեւոսյանի կյանքից, ուշագրավ դրվագներ պատմել, անդրադարձել նրա ստեղծագործություններին։ Նախագահը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել, եւ որտեղից հոգեւոր սնունդ են ստացել Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունները: «Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթեւոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաեւ՝ անհանգստության մեջ»,-ընդգծել է նա։

Հանրապետության նախագահը, բարձր գնահատելով Հրանտ Մաթեւոսյանի գործերը, ասել է, որ դրանք այսօր էլ արդիական հնչողություն ունեն։

Դավիթ Մաթեւոսյանը, ով «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրենն է, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը: Կարեւորելով մեծ գրողի թողած գրական ժառանգության վերաիմաստավորումը եւ նշելով, որ 2020 թվականին լրանում է Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակը՝ նա անդրադարձել է նաեւ Երեւանում գտնվող «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին: Դավիթ Մաթեւոսյանը կարեւոր է համարել, որ Հրանտ Մաթեւոսյանի կյանքը, գրականությունն ու արվեստն ըստ արժանվույն ներկայացվեն հասարակությանն ու ընթերցողներին:

Ի հիշատակ Հանրապետության նախագահի այցի՝ Հրանտ Մաթեւոսյանի եղբայրը Արմեն Սարգսյանին է նվիրել գրողի երկհատորյակը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մաթեւոսյանի այդ գիրքն արժանի տեղը կգտնի իր գրադարանում՝ Մաթեւոսյանի մյուս ժողովածուների կողքին: Արմեն Սարգսյանն ասել է, որ ոգեւորված ու հարստացած է հեռանում Մաթեւոսյանների օջախից՝ իր հետ տանելով հաճելի հիշողություն եւ մի հրաշալի կտոր մաթեւոսյանական աշխարհից:

Ապա Արմեն Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ:

Նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարեւանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։

Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է եւ թանգարանի է վերածվել 1939 թվականին: Նա ծանոթացել է գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին՝ գրքերին, անձնական իրերին, որոնք ներկայացնում են մեծ գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու որոշակի փուլեր: Նախագահը հետաքրքրվել է թանգարանի հետագա ծրագրերով:

Նա նշել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին եւ գեղագիտական հաճույք ստանալ, այլեւ սովորել նրանից: «Պետք է արժանին մատուցել մեր մեծերին, գնահատել, մեծարել նրանց ու որդեգրել կյանքի այն սկզբունքները, որոնք նրանք դավանել են որպես հայրենիքի ու ժողովրդի նվիրյալներ»,-ասել է նախագահը: Նա շնորհակալություն է հայտնել թանգարանի աշխատակիցներին՝ Թումանյանի ժառանգությունը պահպանելու եւ այն սերնդեսերունդ փոխանցելու համար:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մենք որպես ժողովուրդ հայտնի ու ճանաչելի ենք նաեւ մեր մշակույթի շնորհիվ, եւ դրանում շատ մեծ է Հովհաննես Թումանյանի գրականության ներդրումը:

Դսեղ այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը զրուցել է գյուղացիների հետ, այցելել գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի(5-7-րդ դարեր),աղոթել ու մոմ վառել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ