News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասարակությունն ահազանգում է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում արագիլների անկման մասին, որի պատճառը թռչունների փետուրների յուղով պատված լինելն է, ինչի հետեւանքով թռչունները չեն կարողացել թռչել եւ սատկել են, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Արարատի մարզի Հովտաշեն համայնքից Տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով մեկ արագիլ են տեղափոխել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ: Պարզվել է, որ առանձնյակն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով: Այս մասին իր էջում հայտնել է Լյուբա Բալյանը՝ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ից:

«Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով, ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետեւ կոշտ շերտի ձեւավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ»,- գրել է նա:

Պարզվել է նաեւ, որ Հովտաշեն գյուղում արագիլների գրեթե 70%-ը գտնվում էր նույն վիճակում:

Այս իրավիճակը կարելի է որակել որպես էկոլոգիական աղետ: Անհրաժեշտ է շտապ հայտնաբերել, թե որ ձեռնարկությունից է տեղի ունեցել նման արտահոսք եւ կանչել քրեական պատասխանատվության:

Ներկայում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Հրազդան գետի եւ Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ է իրականացրել՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք տեսչության ֆեյսբուքյան էջից, ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:

Տպել
Ամենաշատ