News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

«Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ եւ՛ բնապահպանության, եւ՛ տնտեսության, եւ՛ զարգացման, եւ՛ զբոսաշրջության ոլորտներում։ Պետք է ունենանք հստակ տեսլական, որը պետք է համահունչ լինի աշխարհի զարգացման տեսլականին։ Այսինքն, աշխարհը չի կարող զարգացման մի ուղղությամբ գնալ, իսկ մենք՝ հակառակ»։

Հանրապետության նախագահն ասել է, որ մեր տեսլականը կառուցելիս պետք է մտածենք, թե աշխարհը 20-30 տարի հետո որտեղ է լինելու, եւ որտեղ ենք մենք ուզում լինել այդ աշխարհում։ «Պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր՝ այդտեղ հասնելու համար։ Եվ այդ ծրագիրը պետք է լինի բազմաբաղադրիչ , - նշել է Արմեն Սարգսյանը։- Մենք՝ որպես պետություն եւ ազգ, պետք է ծրագիր ունենանք, հստակ իմանանք, թե ուր ենք գնում: Այդ ծրագիրը պետք է համընդհանուր եւ համազգային լինի։ Պետք է լայն ու մեծ մտածենք, որովհետեւ մենք մեծ ազգ ենք, մեծ ժողովուրդ»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գոյատեւման ճանապարհով գնալով հնարավոր չէ զարգանալ։ «Տեսլականի, ազգային ծրագրի համար կարող ենք բոլորս մեզ ինչ-որ բանից զրկել։ Եթե գիտենք, որ վաղը տեղ ենք հասնելու, ծրագիր ունենք, բոլորս լծվենք այդ ծրագրի իրականացմանը, -ասել է նախագահը։ - Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է, մարդիկ։ Մեր տեսլականը պետք է դրա վրա հիմնված լինի։ Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ժամանակակից տեխնոլոգիաները։

Իմ առաջարկը հետեւյալն է՝ պետք է ունենանք պետական ու համազգային քննարկում տեսլականի եւ ազգային ծրագրի շուրջ։ Մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը պետք է ասի։ Ժամանակը գա՝ կասեմ, թե իմ տեսլականն ինչպիսինն է։ Ամեն մարդ պետք է կիսվի իր տեսակետով»։

Այդ համատեքստում նախագահը կարեւոր է համարել կրթության ոլորտի զարգացումը: «Կրթության մեջ էլ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ արագ շահ ստանան։ Հաջողության հասած մարդիկ շատ հաճախ, որպես բարեգործություն, ներդրում են անում կրթության մեջ։ Բայց խնդիրն այն է, որ այդ օրինակները լինեն ոչ թե բարձրագույն որակի առանձին լճակներ, այլ՝ կրթության ոլորտը մեզ մոտ դառնա ծով, որպեսզի գյուղի ցանկացած երեխա ստանա գոնե համարժեք կամ նույնին մոտ կրթություն, ինչ Երեւանում։ Եվ նորից գալիս ենք նույն խնդրին՝ ճանապարհներին, որոնք նաեւ վիրտուալ ճանապարհներն են։ Եթե գյուղը կապված է բարձր որակի ինտերնետով, եթե երեխաներից յուրաքանչյուրն ունի համակարգիչ եւ միացած է համազգային կրթական ծրագրին, ապա այդ երեխան, ապրելով Դսեղում կամ Ահնիձորում, կարող է նույն կրթությունը ստանալ։ Որովհետեւ ապագայում համալսարանում իր հիմնական գործիքը լինելու է համակարգիչը, դասախոսը լինելու է միայն որպես մեկնաբան։ Համալսարանն այլեւս ինֆորմացիա ստանալու տեղ չէ, գնում ես մեկնաբանություն, վերլուծություն, վերլուծելու ունակություն սովորելու»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Տպել
Ամենաշատ