News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկը (ԿԲ) չափազանց լավատես է Հայաստանի տնտեսության նկատմամբ: Նույնիսկ ավելի լավատես, քան կարող է իրեն թույլ տալ կառավարությունը: Ինչպես հայտնի է, կառավարության սպասելիքներն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ 5 տոկոսի սահմաններում են: Մինչդեռ Կենտրոնական բանկը սպասում է անհամեմատ ավելի բարձր՝ ընդհուպ մինչեւ 7,4 տոկոս աճ:

Վերջին ամիսներին տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները կամ պաշտոնական վիճակագրության արձանագրած ցուցանիշները, հավանաբար, այնքան են ոգեւորել ԿԲ-ին, որ այն բավական կտրուկ վերանայել է տնտեսական աճի նախորդ կանխատեսումը: Ընդամենը մի քանի ամիս առաջ Կենտրոնական դրամատունը Հայաստանում սպասում էր ՀՆԱ 4,6-6,1 տոկոս ավելացում: Վերջին վերանայումից հետո այս տարվա համար կանխատեսվել է 5,9-7,4 տոկոս տնտեսական աճ: Տարօրինակ է, որ Կենտրոնական բանկը նույնպիսի լավատեսություն չունի Հայաստանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարների առումով: Կանխատեսումները հիմնականում մնացել են անփոփոխ:

Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ՝ ԿԲ-ն 1,3 տոկոսով ավելացրել է այս տարվա տնտեսական աճի ինչպես նվազագույն, այնպես էլ՝ առավելագույն ակնկալիքը: Առաջին եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ սպասելիքները տատանվում էին 4,6-6,1 տոկոսի միջակայքում:

Իհարկե, այս ցուցանիշները հազիվ թե վերջնական լինեն: Դրանք, հավանաբար, դեռ շատ կփոխվեն, բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր, այդպիսի կարճ ժամանակահատվածի կտրվածքով սովորաբար նման կտրուկ վերանայումներ չեն արվում: Դա նշանակում է, որ կամ նախորդ կանխատեսումը բավարար հիմնավորված չի եղել, կամ տնտեսության մեջ վերջին երեք ամիսներին նույնքան կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:

Կտրուկ փոփոխություններ տնտեսության մեջ, իհարկե, չկան կամ դրանք առնվազն տեսանելի չեն, բացի այն, որ պաշտոնական վիճակագրությամբ տնտեսությունը բարձր տեմպերով առաջ է գնում: Ըստ էության, դրա վրա էլ հիմնվել է Կենտրոնական բանկը՝ կառուցելով ապագա կանխատեսումները:

«2019թ. առաջին եռամսյակում դիտարկված բարձր տնտեսական ակտիվության պարագայում տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը՝ կազմելով 7,1 տոկոս, որին շարունակում է գերակշռող նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը: Գնահատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի ներքո 2019թ. տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերեւ՝ գտնվելով 5,9-7,4 տոկոս միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին»,- ասվում է երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ:

Պաշտոնական տվյալներով տարեսկզբին Հայաստանի տնտեսությունն իսկապես ակտիվորեն աճել է: Առաջին եռամսյակում գրանցվել է 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ հինգ ամիսների տնտեսական ակտիվությունը հասել է 7,3 տոկոսի: Ոչինչ, որ այս ցուցանիշների հիմքում ընկած է հիմնականում ծառայությունների եւ առեւտրի ոլորտների աճը, որտեղ արձանագրվող դրսեւորումներն իրականում շատ քիչ կապ ունեն տնտեսության զարգացումների եւ ստեղծվող հավելյալ արդյունքի հետ:

Առաջին եռամսյակի 7,1 տոկոսն իսկապես վատ տնտեսական աճ չէ, բայց դրա գրեթե 6 տոկոսը բաժին է ընկնել ծառայություններին եւ առեւտրին: Փոխարենը արդյունաբերության եւ էներգետիկայի մասնակցությունը տնտեսական այդ աճի գործում եղել է ընդամենը 0,1, իսկ շինարարությանը՝ 0,3 տոկոս: Գյուղատնտեսությունը նույնիսկ բացասական նպաստ է բերել տնտեսական աճին: Այնպես չէ, որ իրավիճակը շատ է փոխվել առաջին եռամսյակից հետո: Առաջվա նման տնտեսական աճի գործում գերակշռող է ծառայությունների ոլորտը՝ իր շահումով խաղերով ու զվարճանքներով:

Պաշտոնական տվյալներով որոշ տեղաշ­արժ կա արդյունաբերության ոլորտում: Բայց տնտեսության այս հատվածի զարգացումները դեռեւս հեռու են բավարար լինելուց: Առավել եւս, որ արձանագրվող բարելավումները կապված են ոչ այնքան իրական զարգացումների, որքան նախորդ տարվա ցածր բազային ցուցանիշների հետ:

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը: Հազիվ թե կարելի է կարծել, որ այն էական փոփոխություն կկրի առաջիկայում: Պատահական չէ, որ Կենտրոնական բանկը տնտեսության վերանայված աճի հույսերը շարունակում է կապել հիմնականում ծառայությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ