News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Մենք միշտ Հայաստանին դիտարկում ենք որպես կարեւոր գործընկեր ԱՊՀ երկրների թվում եւ կարեւոր գործընկեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում: Պեկինում հայ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Չինաստանի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի խորհրդական Գո Չժիցզյունը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 27 տարի անց այդ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ։

«Մեր երկրների միջեւ քաղաքական վստահությունը շատ կարեւոր հիմք է երկկողմ հարաբերությունների համար։ Բազմապլանային գործնական համագործակցությունը շարունակաբար խորանում է եւ երկկողմ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդում», - ասաց Գո Չժիցզյունը:

Միեւնույն ժամանակ չինացի պաշտոնյան նշեց, որ դատելով երկկողմ հարաբերությունների զարգացումից՝ առաջիկա 6 ամիսն առավել արգասաբեր կլինի երկկողմ հարաբերությունների համար:

Պարոն Չժիցզյունն ընդգծեց, որ ելնելով ավելի վաղ ստորագրված համաձայնագրերից, կարելի է վստահ ասել, որ Երեւանի եւ Պեկինի միջեւ համագործակցության ոլորտները բավականին լայն են. «Պետք է ասել, որ մենք շատ բազմաբովանդակ եւ լայն շահեր ունենք: Անընդհատ ընդլայնվում են երկկողմ առեւտրի մասշտաբները, եւ չինական կողմը երկար տարիներ անընդմեջ մնում է Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերը»:

Նա հայտնեց, որ 2018-ին Չինաստանում կայացած առաջին միջազգային էքսպո-շնորհանդեսին, որին մասնակցել են նաեւ հայկական ընկերությունները, հայկական կոնյակը պոպուլյար էր այցելուների շրջանում:

«Ես ուզում եմ ասել, որ հայկական կոնյակը Հայաստանի փայլուն այցեքարտն է դարձել Չինաստանում։ Մենք հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան ավելացնել կոնյակի մատակարարումները, ինչն էլ ավելի կնպաստի Հայաստանի տնտեսական աճին»,- նշել է Գո Չժիցզյունը։

Չինացի պաշտոնյան ավելացրեց, որ նոյեմբերին Չինաստանում տեղի կունենա երկրորդ միջազգային ցուցահանդեսը, ինչը հայ գործարարներին լավ հնարավորություն կտա բարձրորակ հայկական արտադրանքի մատակարարումը Չինաստան ընդլայնելու համար։

Չինաստանի ԱԳՆ Արեւելյան Ասիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի խորհրդականը ընդգծեց, որ երկու երկրների միջեւ հաստատվում է ամուր համագործակցություն արտադրական հզորությունների եւ ներդրումների ոլորտներում, որի վառ օրինակն է «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը, որի կապալառուն չինական ընկերություն է։

Միեւնույն ժամանակ, նա հույս հայտնեց, որ այդ նախագծերի իրականացումը կնպաստի Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացմանը։ Նրա խոսքով՝ բացի դրանից երկու երկրների ընկերություններն այժմ ուսումնասիրում են հանքային ռեսուրսների վերամշակման ոլորտում այնպիսի համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, որոնք մի կողմից կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ շրջակա միջավայրի պահպանությանը. «Մենք կարծում ենք, որ կբացվեն երկկողմ համագործակցության մեծ հեռանկարներ թվային տնտեսության եւ արհեստական ինտելեկտի ոլորտներում։ Չինական կողմը, իր հերթին, հետագայում կխրախուսի չինական ընկերությունների բիզնես նախագծերը Հայաստանում, որպեսզի ձեւավորվեն ավելի շատ առաջատար նախագծեր»։

Նրա խոսքով՝ ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, եւ համագործակցության մեծ ներուժ կա երկկողմ մշակութային փոխանակման ոլորտում։ Ըստ նրա՝ Երեւանի ու Պեկինի համագործակցության զարգացմանը զուգընթաց՝ կրթության, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում, երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության հայեցակարգն էլ ավելի է ամրապնդվում մեր երկու ժողովուրդների սրտերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել