News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանում մեկնարկում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի քարտուղարության եւ ՀՀ կառավարության կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովը, որն իրականացվում է խաղողի հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության ծրագրի շրջանակում:

Երեւանում տեղի ունեցող երկօրյա միջոցառմանը կհաջորդի այցելություն Արմավիրի մարզում գտնվող խաղողի կոլեկցիոն այգի եւ մայրուտ։

Աշխատաժողովը կնպաստի բույսերի պաշտպանության ոլորտի համապատասխան մարմինների կարողությունների հզորացմանը՝ երկիրը վտանգավոր, այդ թվում կարանտինային վնասատուների՝ հատկապես խաղողի ֆիլոքսերայի ազդեցությունից պաշտպանելու համար։

«Խաղողագործությունը եւ գինեգործությունը համարվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արտադրության կարեւորագույն ուղղություններից:» նշեց ՊԳԿ հայստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Երկրի տնտեսության համար կարեւորելով այս ոլորտը, կառավարությունը ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի  մեջ ներառել է գինեգործությունը որպես գերակա ճյուղ: Սակայն ֆիլոքսերայի տարածումը լուրջ խնդիր է խաղողագործության համար եւ միայն համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է ցանկալի արդյունքի հասնել» հավելեց նա:

Ֆիլոքսերայի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որը Եվրոպա է թափանցել 1800-ականների կեսերին։ Ֆիլոքսերան սնվում է խաղողի վազերի արմատներով եւ տերեւներով։ Վերջին տարիներին այս վնասատուն հայտնաբերվել է նաեւ Արարատյան դաշտավայրում, ինչից հետո Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել է ՊԳԿ-ին։

«Ֆիլոքսերայի տարածման եւ դրա դեմ պայքարի հիմնախնդրի լուծումն, ինքնին, բարդ հարց է, ինչը ՀՀ կառավարության, տարբեր ոլորտների եւ գործընկերների, այդ թվում՝ խաղողագործների, վերամշակողների եւ գիտահետազոտական հաստատությունների միջեւ արդյունավետ համագործակցություն է պահանջում», - նշեց ԲՄՊԿ-ի գյուղատնտեսական հարցերով ավագ պատասխատու Ավետիք Ներսիսյանը։

Պարոն Ներսիսյանն ընդգծեց նաեւ ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՊԳԿ-ի ծրագրի շարունակայնության ապահովման կարեւորությունը։

Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ այլ պետական մարմինների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՊԳԿ ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին, որը միտված է օժանդակել ՀՀ կառավարությանը խաղողագործության կայուն զարգացման նպատակով՝ հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրությանն ուղղված տեխնիկական աջակցության միջոցով։

Աշխատաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել գնահատելու ծրագրի առաջընթացը, ինչպես նաեւ նպաստել երկրում ֆիլոքսերայի եւ այլ վնասատուների տարածմանն ուղղված քննարկումներին։ Այն բարենպաստ հարթակ կստեղծի կառավարության եւ այլ գործընկերների շրջանում խնդրի կարեւորության վերաբերյալ իրազեկության բարձրացման համար՝ օգնելով երկրին ֆիլոքսերադիմացկուն տնկանյութով նոր այգիներ հիմնելու:  

Աշխատաժողովը նաեւ նպատակ ունի մասնակիցներին խրախուսել ակտիվորեն ներգրավվելու Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի (ԲՄՊԿ) շրջանակում համագործակցող միջազգային կազմակերպությունների համաշխարհային ցանցի աշխատանքներին՝ բուսական աշխարհը վնասատուներից եւ հիվանդություններից պաշտպանելու համար։

Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիան ՊԳԿ-ի կողմից վերահսկվող միջազգային համաձայնագիր է, որի նպատակը համակարգված եւ արդյունավետ կերպով բույսերի եւ բուսական արտադրանքի վնասատուների եւ հիվանդությունների տարածումը եւ ներթափանցումը կանխարգելու եւ նրանց դեմ պայքարելու համապատասխան միջոցառումների իրականացման ապահովումն է։ Հայաստանը սույն Կոնվենցիան ստորագրել է 2006 թվականին։

Տպել
Ամենաշատ