News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությանը։

Նա վստահեցրեց, թե թյուր կարծիք կա, թե Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում. «Մենք հիմա էլ ենք փնտրում նրան: Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով, ժամերի ընթացքում բացահայտվում են, բայց ունենք մի փոքր դեպք, որը պետք է բացահայտվի, բայց տարիներ է պահանջում։ Այսօր օրինակ բերեցի, որ 1997-ին կատարված բնակարանային գողություն են բացահայտել, իսկ անցյալ տարի 1991 թվականի  սպանություն։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչուր դեպք ուսումնասիրվում է, այնպես չէ, որ ոստիկանությունը մոռանում է։ Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են դեպքերի բացահայտման համար եւ աշխատում են»,- ընդգծեց Օսիպյանը:

Հարցին՝ գոնե ոստիկանությունը տեղյա՞կ է, թե նա որտեղ է՝ Հայաստանում, արտերկրում, Օսիպյանը պատասխանեց․ «Օտարերկրյա ներքին գործերի նախարարներից էլ եմ լսել, որ երբեմն ձեր հարցերն ու իմ պատասխանները խանգարում են, ավելին՝ խանգարել են գործին։ Օրինակ՝ Եռաբլուրում ավտոմեքենայից համակարգիչ են տարել: Մենք տեսադաշտում ունենք ենթադրյալ կատարող, ունենք վկաներ, բայց դուք այնպիսի հնչողություն եք տվել այդ ամենին,  որ սահմանափակվել է գործի բացահայտումը»։

Ոստիկանապետը նշեց, որ շատ անգամ ինքը կամ ոստիկանության ներկայացուցիչները ստիպված են հնչեցված հարցերին սեղմ ու սահմանափակ պատասխանել՝ ելնելով գործի օպերատիվ տվյալներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ