News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել զորակոչով զբաղվող կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկել նաեւ Առողջապահության նախարարության ներկայացուցչին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ զորակոչի առողջապահական բաղադրիչի համար պատասխանատու է Առողջապահության նախարարությունը: Մանսավորապես, զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները կազմավորվում են առողջապահության նախարարի հրամանով, կազմակերպվում է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը, առողջապահության նախարարությունը համակարգում է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի քաղաքացիների պատվաստումների գործընթացը:

Բացի այդ, նախարարությունը տրամադրում է ֆինանսական փոխհատուցում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում նախազորակոչային եւ զորակոչային տարիքի քաղաքացիներին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց:

Սակայն, ներկայում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ ընդգրկված չէ, ինչը խնդրահարույց է զորակոչի ողջ գործընթացի կազմակերպման ընթացքում Առողջապահության նախարարությանը վերապահված գործառույթների լիարժեք եւ արդյունավետ իրականացման տեսանկյունից, բացի այդ, գործնականում հաճախ են դեպքերը, երբ հանձնաժողովի կողմից Առողջապահության նախարարության խորհրդատուներին, ըստ անհրաժեշտության, պարզաբանումներ ստանալու վերաբերյալ գրություններ են հասցեագրվում, ինչը նույնպես օրենսդրությամբ կարգավորված չէ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության նախարարության վրա դրված են վերոնշյալ լիազորությունները եւ նախարարությունը պատասխանատվություն է կրում  դրանք բարձր մակարդակով իրականացնելու հարցում, նպատակահարմար է, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը եւս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում:

Սա թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանը, ինչպես նաեւ առավել թափանցիկ եւ արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը եւ փորձաքննությունը:

Առողջապահության նախարարի կողմից առաջադրված թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում հնարավորություն կտա նաեւ ուսումնասիրել եւ վեր հանել զորակոչի գործընթացում առողջապահության ոլորտին վերաբերելի խնդիրները, օպերատիվ կարգով լուծումներ առաջադրել այդ խնդիրներին եւ արդյունավետ կերպով համակարգել ԿԲՀ-ի կողմից բժշկական հաստատություններ ուղարկված զորակոչիկների բժշկական հետազոտման եւ բուժման գործընթացը:

Տպել
Ամենաշատ