News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի հայտարարել է, որ իր կառավարության բոլոր անդամները  կողմ են, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ։ Ինչպես տեղեկացնում է The Independent թերթի կայքը, նախօրեին կազմավորած կառավարության առաջին նիստում Ջոնսոնն ընդգծել է, որ իր վարչապետության առաջիկա երեք ամիսները շրջադարձային կլինեն բրիտանական պատմության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես բոլորդ գիտեք, մեր առջեւ վիթխարի մասշտաբի խնդիր է կանգնած։ Դա շրջադարձային պահ է մեր երկրի պատմության մեջ,- ասել է Ջոնսոնը՝ դիմելով նախարարներին։- Հիմա մենք բոլորս կողմ ենք, որպեսզի երկիրը դուրս գա Եվրոպական միությունից հոկտեմբերի 31-ին կամ դրանից շուտ՝ առանց որեւէ «եթե»-ի եւ առանց որեւէ «բայց»-ի։ Բայց մենք չենք սպասի հոկտեմբերի 31-ին, որպեսզի սկսենք իրականացնել նոր ցնցող ծրագիրը մեր երկրի համար, նշանակում է՝ մենք պետք է իրականացնենք այն, ինչն իսկապես կարեւոր է մեր մարդկանց համար»։

Հինգշաբթի ավելի ուշ Ջոնսոնը հանդես է եկել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի առջեւ եւ նշել իր կառավարության կոնկրետ առաջնահերթությունները։ Սպասվում է, որ նա պետք է պատասխանի նաեւ ընդդիմության ու կուսակիցների կոշտ քննադատությանը, որոնցից շատերը դժգոհ են այն հանգամանքից, որ Ջոնսոնն իրեն շրջապատել է համոզված եվրաթերահավատներով եւ կառավարող Պահպանողական կուսակցության աջ թեւի անդամներով։

Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար 2019-ի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետ։ Բայց Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի եւ Ջոնսոնի նախորդ Թերեզա Մեյի կառավարության միջեւ։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը տեղափոխել ապրիլ-մայիս, իսկ հետո՝ հոկտեմբերի 31-ին, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը հանել փակուղուց։ Ջոնսոնը, որը հաղթեց պահպանողականների նոր առաջնորդի պաշտոնի համար պայքարում եւ չորեքշաբթի  ստանձնեց վարչապետի պաշտոնը, խոստանում է ԵՄ-ի հետ կնքել «նոր ավելի լավ համաձայնագիր» Brexit-ի պայմանների մասին կամ իրականացնել ելքը ԵՄ-ից կոշտ սցենարով՝ առանց որեւէ համաձայնության Եվրամիության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ