News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում եւ Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում եւ Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջերավոր կենդանիները, 3 անգամ խոշոր եղջերավորները, թեեւ պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի եւ ՄԵԿ-ի համապատասխանաբար տարեկան երկու եւ մեկ անգամյա ստուգումներ:

2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր եւ 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդյունքում գրանցվել է բրուցելոզով հիվանդ՝ համապատասխանաբար 146 եւ 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխ) ընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի):

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակին ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի մոտ (222546-ը 2318-ը): Սա նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:

Ի դեպ, «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզային մասնաճյուղի կողմից ֆերմերներին անվճար տրամադրվում են ախտահանիչներ՝ անասնագոմերի, ինչպես նաեւ սպանդի տարածքների ընթացիկ եւ վերջնական ախտահանություն կատարելու նպատակով:

Ֆերմերի հայտարարությունը, թե Քարագլուխ համայնքում բրուցելոզով հիվանդ է 38 քաղաքացի, նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այդ համայնքում հիվանդ է երեք մարդ, որոնք նույն ընտանիքի անդամներ են:

ՍԱՏՄ վերահսկողության շրջանակներում բազմիցս հայտնաբերվել է ոչ պատշաճ մսեղիք՝ ձիու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած միս: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում, որի ուղղությամբ քայլեր արդեն արվում են: Կենդանիների տեղաշարժն ու հիվանդություններն ամբողջությամբ վերահսկելի կլինեն, երբ կհամարակալվեն բոլոր կենդանիները (ծրագիրն արդեն ներկայացված է եւ շուտով կմեկնարկի) եւ անցում կլինի 100 տոկոսանոց սպանդանոցային մորթի (2019թ. oգոստոսի 1-ից` հանրային սննդի ողջ ցանցում, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ իրացման ողջ շուկայում պետք է իրացվի միայն սպանդանոցային ծագման թարմ միս): Իսկ այս պահին հանրապետության տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի):

Ֆերմերի կողմից նաեւ հրապարակվել է կոնկրետ ապատեղեկատվություն անասնաբուժական թուրքական դեղերի եւ Վիետնամից ներմուծվող անորակ խոզի մսի ներմուծման վերաբերյալ: Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում, Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:

Ֆերմերն անջատել է հեռախոսը եւ չի պատասխանում մեր զանգերին, ուստի «ծանոթ մսավաճառի» եւ սատկած ձիու մսի վաճառքի մասին իր հայտարարությունը ճշտել չի հաջողվել: Այդ տեղեկատվության հավաստիությունը կփորձենք պարզել իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ:

 

Տպել
Ամենաշատ