News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կամ այլ կերպ ասած՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձեւումները, ինչպես նաեւ՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում եւ իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը ընտանիքում եւ սոցիալական այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսեւորում դատապարտելի է: Անկախ գոյություն ունեցող արարչաստեղծ կենսաբանական տարբերություններից՝ բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, ինչպես վկայված է Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակում. «Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու զավակներ» (Ա Հովհ. 3.1):

Բռնության, ինչպես եւ ցանկացած չարիքի կանխարգելումը եւ դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ:

Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձեւումները եւ դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների եւ ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը:

Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների եւ մեկնաբանությունների տեղիք է տալիս նաեւ կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս):

Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաեւ, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում եւ կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաեւ «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը:

Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաեւ ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը եւ կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին եւ մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31): Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը Սուրբ Աստվածամոր օրինակով, գնահատել նրա դերն ու առաքելությունը ընտանիքում, հասարակական եւ ազգային կյանքում: Տղամարդու եւ կնոջ միությամբ ընտանիքը, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատեւության, անհատի դաստիարակության ու հոգեւոր աճի եւ պետության պատասխանատու քաղաքացու ձեւավորման համար: Հետեւաբար, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի սրբության ու նվիրականության բնույթն ու արժեքը:

Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգեւոր մեր ինքնության եւ անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:

Հայրենի պետության զորացման եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքի կառուցմանն ի նպաստ կարեւորում ենք ընտանիքում եւ հայրենի կրթական համակարգում հոգեւոր, բարոյական եւ ազգային արժեքներով նոր սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաեւ այս նպատակով զանգվածային լրատվամիջոցների պատասխանատու գործունեության արդյունավորումը:

Եկեղեցին հովվական իր առաքելությամբ շարունակելու է հոգեւոր խնամք ու աջակցություն ցուցաբերել հայ ընտանիքներին` հաղթահարելու ներընտանեկան կյանքի խոչընդոտները եւ զորանալու ընտանիքի սրբության աստվածապարգեւ շնորհիվ:

Մեր աղոթքն է, որ Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր հանապազ խնամքի ներքո պահի մեր ժողովրդին, ամուր եւ հարատեւ սիրով ջերմացնի ընտանիքները եւ շինություն պարգեւի հայրենի մեր պետությանը, արդյունավորի հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթաց կյանքի ներդրված բոլոր ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ