Դատավորները աշխատում են՝ հարմարեցված օրվա իշխանության քիմքին, սա բերելու է արդարադատության համակարգի պարալիզացմանը: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, Կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը:
«Արդեն մեկ տարի է` ապօրինի հետապնդվում է Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ այստեղ հավաքվելու պատճառն այն է, որ իրենք հասկանում են, որ արդարադատությունը իրականացվում է այս շենքից , հրահանգները իջեցվում են այս շենքից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող խաբեբա անձնավորությունը տարատեսակ միջնորդություններով, դատավորների վրա ազդեցություն գործադրելով ազդում է արդարադատության վրա: Այս անձնավորությունը անձնական վրեժխնդրության եւ որոշակի առողջական խնդիրների պատճառով չի կարողանում իր ամբիցիաները զսպել եւ ՀՀ-ն կառավարել գործող օրենսդրությամբ: Դատավորներն աշխատում են՝ հարմարեցված օրվա իշխանության քիմքին, սա բերելու է արդարադատության համակարգի պարալիզացմանը, եւ ուզում եմ կոչ անել իշխանություններին, որ չմիջամտեն դատական գործերին, որովհետեւ այդ ամենը բումերանգի էֆֆեկտով ձեր դեմ է պտտվելու: Այս ամենը դուք չեք մարսելու: Դուք այսօր շատ մոտ եք մերժված Կառավարությանը»,- ասաց նա:
Բողոքի ակցիայի համակարգող, «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանն էլ ասաց, որ իրենք այսօր հավաքվել են՝ հիշելու մեկ տարի առաջ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ սկսված հետապնդումները:
«Այսօր հավաքվել ենք հիշելու մեկ տարի առաջ սկսված այն անօրինականությանը, որն այս Կառավարությունը կատարում է Արցախի հերոս, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Այս մեկ տարվա ընթացքում կատարվածը ոչ միայն անօրինականություն է, ոչ միայն չի բխում օրենքի շահերից, այլ նաեւ առաջին անգամ Եվրախորհրդի տարածաշրջանում պաշտպանվող կողմը չկարողացավ ելույթ ունենար, իր կարծիքը հայտներ, դա աննախադեպ էր, եւ այս Կառավարության ամոթն է: Արդեն մեկ տարի է` պայքարում ենք, որ ուշքի գան, սակայն ուշքի չեն գալիս, ավելի են խորացնում, մեծ խնդիրներ են արդարադատության առջեւ ծառացնում: Այս կառավարությունը զբաղված է միայն այն հարցով, թե ինչ անել, որ Քոչարյանը մեկ օրով էլ ավելի մնա անազատության մեջ»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Քոչարյան հերոս», «Նիկոլ խաբեբա»: Ակցիայի մասնակիցներն ավարտեցին իրենց ակցիան եւ հեռացան Կառավարությկան շենքի մոտից:
Այսօր լրանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մեկ տարին:











