News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 25-ին ՀՀ վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համար: Շատ կարեւոր է վերլուծել եւ գնահատել այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունեցել ցուցանիշների դինամիկայի վրա: Եվ այսպես՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով, իսկ 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ 7.3 տոկոսով: Այսինքն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսով: Կիսամյակային տնտեսական ակտիվության նվազման վրա էական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի եւ էլեկտրաէներգիայի արտադրության  անկումը, ինչպես նաեւ շինարարության, առեւտրի եւ ծառայության ոլորտների աճի դանդաղումը:

Առավել մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի անկումը (7.4 տոկոս), քանի որ այս ոլորտում է զբաղված մեր աշխատուժի 1/3-ը, հետեւաբար` սա ուղղակի ազդեցություն կունենա գյուղերի կենսամակարդակի վրա, արտագաղթի ալիքն ավելի կուժեղանա. արդեն իսկ այս տարվա ընթացքում Ռուսաստան արտագաղթողների թիվը կազմել է 45000: Գյուղոլորտի անկման պատճառների հիմքում ընկած է սխալ գյուղատնտեսական քաղաքականությունը, որը հիմնականում ուղղված է հարուստ եւ խոշոր ֆերմերների աջակցությանը: Բացի այդ` դադարեցվել են մի շարք ծրագրեր, վերացվեց գյուղատնտեսության նախարարությունը:

Էլեկտրաէներգիայի արտադրության անկման (5.5 տոկոս) պատճառներից է, պլանային աշխատանքներով պայմանավորված, ատոմակայանի դադարը, ինչի արդյունքում կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն:

Շինարարության ոլորտի աճի դանդաղումը (1.4 տոկոսով) գլխավորապես պայմանավորված է մասնավոր  ներդրումների ծավալների կրճատմամբ: Որքան էլ հայտարարվում  է, որ անհատները մեծ ծավալով դիմում են իրենց բնակարանների շինթույլտվությունների համար, այնուամենայնիվ, երկարաժամկետ, կայուն եւ որակյալ տնտեսական աճ ապահովելու համար առավել կարեւոր են ձեռնարկատիրական նպատակով իրականացվող շինարարական նախագծերը, իսկ այս դեպքում շինթույլտվություններ տրամադրող բաժինները, անձինք անհարկի ձգձգում են, մերժում` առանց լուծում առաջարկելու: Մտահոգիչ է նաեւ պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարական ծրագրերի դադարեցումը եւ/կամ դանդաղեցումը, որն էական ազդեցություն է թողնում ոչ միայն շինարարության ոլորտի, այլեւ դրամի արժեւորման վրա: Կապիտալ շինարարական ծրագրերի ձախողումը հիմնականում բացատրվում է վատ մենեջմենթով եւ կոռուպցիոն ռիսկերով: Արդյունքում՝ ձախողվում է հարկաբյուջետային քաղաքականությունը. հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների ձեւով տնտեսությունից հավաքագրվում է առավել շատ գումար, քան ծախսվում է:

Վերջին տարիների ընթացքում առեւտրի եւ ծառայության ոլորտների աճը պայմանավորված էր ոչ թե ազգաբնակչության գնողունակության աճով (աշխատավարձերի, կենսաթոշակների չնչին աճի, ներդրումների կրճատման պայմաններում), այլ ստվերի բացահայտմամբ: Այսինքն՝ նախկինում ստվերում էին եղել առեւտրի եւ ծառայությունների այս ծավալները, իսկ հիմա դրանք օրինականացվել են: Անշուշտ, ստվերի ծավալների բացահայտման հաշվին տնտեսական աճ ցույց տալու հնարավորությունները խիստ սահմանափակ են, եւ ո'չ բիզնեսը, ո'չ էլ քաղաքացին գրեթե չեն զգում դրա ազդեցությունը: Ողջունելի են ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կապահովի լրացուցիչ պահանջարկ մեր տնտեսության համար, սակայն դա չպետք է արվի ի հաշվի կապիտալ ծախսերի կրճատման:

Երկրի կենսամակարդակը, ներառական աճը բնութագրող լավագույն ցուցանիշներից մեկը միջին  ամսական աշխատավարձն է, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 5.6 տոկոսով, ինչը բավականին ցածր է՝ նկատի ունենալով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճը, մասնավորապես՝ բանջարեղենի գները, նախորդ տարվա համեմատ, աճել են 28.8 տոկոսով, կաթնամթերքի, պանրի եւ ձվի գները՝ 4.9 տոկոսով: Պետական հատվածի աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 6.4 տոկոսով (նաեւ` ի հաշվի պարգեւավճարների), մասնավորում՝ 3.9 տոկոսով: Գաղտնիք չէ, որ աղքատության մեջ կամ աղքատության շեմին գտնվող մեր քաղաքացիները իրենց եկամուտների մեծ մասը ծախսում  են պարենի վրա, հետեւաբար` նրանց կենսամակարդակը, նախորդ տարվա համեմատ, էականորեն նվազել է: Դա է ապացուցում  նաեւ խանութների, կրպակների փաստացի շրջանառության ծավալների կտրուկ անկումը:

Հատկանշական է նաեւ, նախորդ տարվա համեմատ, արտաքին առեւտրաշրջանառության փոքր աճը (0.5 տոկոս), որն արտահայտվել է ներմուծման 0.5 տոկոս աճով եւ արտահանման 0.5 տոկոս անկմամբ: Ներմուծման աննշան աճը պայմանավորված է պետական եւ մասնավոր ներդրումային նախագծերի կրճատմամբ կամ դադարով, իսկ արտահանման կրճատումը՝  Եվրամիության երկրներ արտահանման 24.3 տոկոս նվազմամբ: Բացի այդ` վերջին ամիսների ընթացքում  դրամի` մոտ 3 տոկոս արժեւորման պայմաններում հայկական ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը արտահանման շուկաներում, իսկ ներմուծվող ապրանքների գները չեն նվազում, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները դեռեւս պահպանում են իրենց շուկայական իշխանությունները: Արտահանման ծավալների մեջ հայտնի չէ, թե որքան է կազմում օգտագործված մեքենաների վերարտահանումը, եւ դա ինչ ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա:

Ամփոփելով 2019 թվականի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական տվյալների ուսումնասիրությունը` պետք է արձանագրել, որ դրանք նվազող եւ ոչ ներառական են: Իսկ պատճառներն են՝

-նախորդ կառավարություններից մնացած եւ նոր շունչ ստացած նեոլիբերալ քաղաքականությունը,

- Կենտրոնական բանկի գերիշխող դրամավարկային քաղաքականությունը,

- հարկաբյուջետային քաղաքականության թերակատարումը,

- պետական համակարգում միջին եւ ստորին օղակների լիազորությունների` դեպի վերեւ պատվիրակելը,

-տնտեսության համար գերակա ոլորտներ ճանաչված գերատեսչությունների  ոչ հստակությունը,

-տնտեսական մենաշնորհների դիրքերի պահպանությունը եւ նոր իշխանավորների լուռ աջակցությունը,

-միջին եւ խոշոր ներդրումային նախագծեր սպասարկող տնտեսական համակարգված քաղաքականության եւ թիմի բացակայությունը,

-տնտեսության մեջ  գործարարների տարանջումը սեւի ու  սպիտակի եւ տարբերակված մոտեցումները,

- բարձր աշխատավարձային զգուշավոր քաղաքականությունը,

-համահարթ հարկային քաղաքականության արդյունքում բարձրացող անուղղակի հարկերը եւ այլն:

Սուրեն Պարսյան,

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ