Եռաբլուր պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը մեր ազգային անվտանգությանն ուղղված հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է: Այս մասին ասված է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության տարածած հայտարարությունում։

«Պղծարարների ձեռքով սուրբ շիրմաքարերի վրա հայտնված բծերն իրականում խարան են մեր ազգային արժանապատվության վրա:

Հատկապես ծանր է հերոսների ծնողների եւ հարազատների հոգեվիճակը: Նրանց վերքը նորից բացվեց եւ նրանք երկրորդ անգամ ծանր ապրումներ ունեցան:

Ցավ ի սիրտ՝ մեր զորակցութունն ենք հայտնում հերոսածին ծնողներին ու նրանց բոլոր հարազատներին եւ խոնարհվում ենք նրանց առաջ:

Այս խայտառակությունը, սակայն, հնարավոր էր բացառել, եթե Եռաբլուր պանթեոնում պատշաճ ծառայություն իրականացվեր:

Պետք չէ մոռանալ, որ Պանթեոնը զորամասի տարածք է եւ, հաշվի առնելով դրա ազգային-արժեքային հույժ կարեւորությունը, այդտեղ պետք է լիներ բավարար հսկողություն, այդ թվում՝ տարածքի ամբողջական տեսահսկմամբ եւ զինված պահակությամբ:

Պետական կառավարումը, այդ թվում՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, մնում է որպես ազգային-արժեքային առումով խեղված եւ ոչ արդյունավետ մի երեւույթ, որի ճգնաժամը վաղուց սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը:

Պետության, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, ղեկավարությունը պարտավոր է հաշվետու լինել կատարվածի համար, պատժել մեղավորներին եւ միջոցներ ձեռնարկել ոճրագործներին բացահայտելու եւ այսուհետեւ նման ոտնձգությունները բացառելու ուղղությամբ»,–նշված է հայտարարության տեքստում: