«Սանիթեք» ընկերությունը ենթարկվում է սաբոտաժի: Օգոստոսի 2-ին  մամուլի ասուլիսին այս մասին ասաց ընկերության ներկայացուցիչը:

«Սանիթեք»-ի չներկայացած աշխատակիցը հիշեցրեց ներկա իրավիճակի նախապատմնությունը: Նրա խոսքով՝  ընկերությունը համաձայնել էր նոր ներդումներ անելու մասին քաղաքապետարանի առաջարկին, սակայն  3 պայմանով՝ չխզել պայմանագիրը, քաղաքապետարանը կաջակցի մեքենաների գնման հարցում, կբարելավվի Նուբարաշենի աղբավայրի վիճակը, որպեսզի ներդումներն իմաստ ունենան:

Քաղաքապետարանը դրան չէր պատասխանել, իսկ հետո ԶԼՄ-ներից հայտնի դարձավ, որ այն պատրաստվում է աղբահանության  նոր օպերատորի ներգրավել:

Վարչապետի աշխատակազմին ուղղված դիմումն անպատասխան էր մնացել եւ ուղարկվել քաղաքապետարան:

«Ընկերության դեմ ուղղված մեղադրանքները շարունակվում էին՝ չնայած վերահաս աղետի մասին ընկերությանը ուղղված բազմաթիվ նախազգուշացումներին », - ասաց ընկերության ներկայացուցիչը:

Նա հավաստիացրեց, որ ընկերության դեմ  սաբոտաժ է իրականացվում. կոնտեյներները անհետանում են կամ այրվում:

Որպես ապացույց ներկայացվեց տեսանյութ, որտեղ քաղաքացին կանխամտածված այրում է  կոնտեյները:

Միաժամանակ նա կասկածի տակ դրեց երկրորդ օպերատորի անհրաժեշտության մասին հայտարարությունները՝ հիշեցնելով, որ նախորդ տարիներին ընկերությունը բարեհաջող իրականացնում էր իր պարտականությունները:

Դիմելով քաղաքացիներին, նա ընդգծեց, որ ընկերությունն արել է առավելագույնը, որպեսզի որքան հնարավոր է լավ կատարի իր աշխատանքը:

«Սակայն անհնար է աշխատանքը շարունակել առանց քաղաքապետարանի հետ պայմանագիրը վերանայելու», - ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետարանի բոլոր գործողությունները դատարկ խոստումներ են դառնում:

«Այսպե՞ս է Հայաստանը վերաբերվում օտարերկրյա ներդրողներին: Անկախ տարաձայնություններից՝ կարելի է պայմանավորվել: Այլ բան, եթե ի սկզբանե տրամադրվածությունն այլ է», - ասաց ընկերության ներակայցուցիչը: