News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը կմեծանա 114%-ով: Այս մասին այսօր «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ նախատեսված է ռազմական տեխնիկայի արդիականացում, նոր մոդելների մշակում, արդյունաբերական հնարավորությունների զարգացում:

Նախարարը հավելել է, որ Հայաստանը մի քանի նպատակ ունի, որոնց թվում՝ պաշտպանության ոլորտում տեխնոլոգիաների զարգացում (ռազմարդյունաբերական համալիր, գիտահետազոտական ծրագրեր եւ տեխնոլոգիաների ներդրում), կադրերի ներհոսքի եւ արտահոսքի կանխում, ինչպես նաեւ քաղաքացիների բարեկեցության աճ:

«Ամենակարեւոր արժեքը մարդու մտավոր ունակություններն են: Դրանց շնորհիվ՝ Հայաստանում գործում են մի շարք լուրջ արտասահմանյան ընկերություններում: Կարեւոր է հասկանալ, որ տաղանդավոր մարդու համար ամենակարեւորը հնարավորություններն են: Մինչ 1990թ. Հայաստանում բնակչության աճ էր նկատվում, ինչը կապված էր ինդուստրիալ զարգացման հետ: Դա հանգեցրեց բնակչության տաղանդավոր մասի ներհոսքին: Եթե այդ տեմպերը պահպանվեին, ապա այսօր Հայաստանում կապրեր 5,5 մլն մարդ»,- նշել է նախարարը:

Արշակյանը նկատել է, որ տեխնոլոգիաները վերջին 25 տարում զարգացել են 1000 անգամ ավելի արագ, քան ողջ 20-րդ դարում, իսկ հայկական SoloLearn, PicsArt, Teamable եւ այլ ստարտափները հաջողություն են գրանցում եւ զբաղեցնում առաջատարի դիրք իրենց գործունեության ոլորտներում:

«Նորարարությունների ոլորտում նախատեսված են IT ոլորտում ավելի քան 3000 մասնագետների նախապատրաստում, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների ֆինանսավորման ճանապարհով, 5-10 հազար դոլարի չափով համալսարաններում 50 գրանտային ծրագրերի իրականացում, 30-50 հազար դոլարի չափով 20 գրանատային ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ սփյուռքի հնարավորությունների օգտագործում: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել հիմնադրամ 100 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ ծրագիր տեխնոքաղաքի կառուցման հարցով 21 մլն դոլարի չափով ծրագիր իրականացնել, որը կստեղծի 1500 աշխատատեղեր, կուսանի 3000 մասնագետի: Բացի այդ, ծրագրվում է ինֆորմացիոն հարթակ ստեղծել, որը կամուրջ կդառնա դեպի միջազգային շուկա եւ կխթանի միջազգային ցուցադրությունների կազմակերպմանը»,- եզրափակել է նա:

Նշենք, որ ֆորումին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների խումբը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ