News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 6–ին, կայացավ 2018թ. նոյեմբերի 12–ին Երևանում դաժան ծեծի հետևանքով մահացած 20–ամյա Քրիստինեի մահվան գործով հերթական դատական նիստը։

Գործով ամբաստանյալ Իլլարիոն Նունուշյանը՝ Քրիստինեի ամուսինը, քննության ընթացքում խոստովանել է մեղքը, հայտնել, որ զղջում է կատարվածի համար։

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Նունուշյանը  2018թ. նոյեմբերի 11-ին ժամը 06:30-ի սահմաններում իր տանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խանդի հողի շուրջ վիճաբանել է իր կնոջ՝ Քրիստինե Իսկանդարյանի հետ։ Վիճաբանության ընթացքում ամուսինը շուրջ 5-10 րոպե ձեռքով, ոտքերով, ինչպես նաև մետաղյա ամրանով և մետաղյա թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել Քրիստինե Իսկանդարյանի գլխի, դեմքի, որովայնի, մեջքի, ինչպես նաև մարմնի մյուս մասերի՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հաջորդ օրը՝ ժամը 22:00-ին Էրեբունի բշժկական կենտրոնում Քրիստինեն գիտակցության չգալով մահացել է։

Նունուշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112–րդ հոդվածի 2–րդ մասի 14–րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Դատաքննության ընթացքում ամբաստանյալն ընդունել է մեղքը և  միջնորդել, որպեսզի գործը քննվի արագացված դատական կարգով։

Այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Գագիկ Աղասյանը։ Նա նշեց, որ դատաքննության ընթացքում ապացուցվել է ամբաստանյալի մեղավորությունը, հիմնավորվել նրա կատարած արարքը։

Մեղադրողը, որպես Նունուշյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող  հանգամանք  նշեց հանցանք կատարելու համար զղջալը, խոստովանական  ցուցմունք տալը, վարույթն իրականացնող մարմնին աջակցելը, իսկ որպես ծանրացնող հանգամանք դիտվեց այն, որ Նունուշյանը նախկինում դատապարտված է եղել՝ խմբի կազմում գողություն կատարելու համար, այսինքն ըստ դատախազի՝ առկա է հանցանք կատարելու ռեցիդիվ և դատվածությունը մարված չէ։

Այսպիսով, դատախազն առաջարկեց դիտավորությամբ Քրիստինեի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Նունուշյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման, այդ պատժաչափին գումարել Նունուշյանի նկատմամբ այլ գործով կիրառված 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Իլարիոն Նունուշյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք դրսևորել  և հնարավորինս մեղմ պատժաչափ նշանակել ՝ հաշվի առնելով, որ նա հանցագործություն կատարելու պահին գտնվել է հոգեմետ դեղերի և ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել իր արարքի հետևանքները, բացի այդ, զղջացել է կատարվածի համար և ինքնախոստովանական ցուցմունք տվել։

 Փաստաբանը նաև նշեց, որ Նունուշյանն առաջին ամուսնությունից ունի երկու երեխա, որոնք սակայն գտնվում են նախկին կնոջ խնամքին։

Այսօրվա նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Իլարիոն Նունուշյանը։ Վերջինս հայտարարեց, որ կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել, պարզապես նրան դաստիարակելու նպատակով ծեծի է ենթարկել և չի գիտակցել հետևանքները։

Ամբաստանյալը նաև պատմեց, որ կինն իրենից գաղտնի իրենց մանկահասակ դստերը տեղափոխել է մանկատուն, որն էլ եղել է վերջին մեկ ամսում իրենց վիճաբանությունների պատճառներից մեկը։

Ըստ ամուսնու պատմածի՝  Քրիստինեն «կնոջը ոչ հարիր պահվածք ուներ», գիշերները ուշ էր տուն գալիս՝ տարբեր մեքենաներով, հայհոյում էր, խմում։

«Դեպքի օրը զանգահարեցի՝ չվերցրեց, զանգեցի տաքսու վարորդին՝ ասացի, եթե Քրիստինեն ձեզ հետ է՝ տուն ուղարկեք, սակայն նա վարորդին խնդրել է, որ ինձ ասի, թե իբր ինքը մեքենայում չէ։ Գիշերվա 3։30–ին գնացի տաքսու վարորդի ասած տեղը, որ իրեն գտնեմ, պարզվեց վարորդը խաբել է։ Լուսաբացին 4։30–ին եկավ, ես տանը նստած էի, մի հարց տվեցի ընդամենն իրեն՝ ասացի, Քրիստինե ջան, ինձ ճիշտն ասա՝ որտե՞ղ ես եղել, ինքը ժպտաց իմ երեսին, ու ես վեր կացա, մի երկու հատ իրեն հարվածեցի, էդ պահին ինքը հարվածեց իմ ոտքին՝ ես դրանից ավելի ջղայնացա, հետո թեյնիկով ուզեց ինձ հարվածել, էդ թեյնիկը ոնց որ վերցրել՝ շպրտել եմ, երևի ուժեղ կպել է իրեն»,– պատմեց ամբաստանյալը։

 Նունուշյանի խոսքով, եթե ինքը կնոջը սպանելու մտադրություն ունենար՝ նրան կդանակահարեր։

«Ես կյանքումս կենդանու քարով խփած չկամ, բայց էդ ամեն ինչը մեջս հավաքվել էր։ Սեղանին 3–4 հատ դանակ կար դրած, բայց իմ մտքով անգամ նման բան չի անցել, ես ուղղակի ուզել եմ իրեն դաստիարակեմ, որ նման բան չանի, քանի որ արդեն 5–րդ  անգամ էր ինքը նման բան անում։ Անգամ հարևանները բողոքել են, որ իրենց հայհոյանքներ է տվել, անգամ ուզել են զանգեն ոստիկանություն, բայց եղբորս կինը չի թողել՝ ասել է փոքր աղջիկ ունի»,–պատմեց ամբաստանյալը։

Իլարիոնը պատմեց, որ դեպքից հետո օգնություն է ցույց տվել տուժած կնոջը.

«Ես հարվածելուց հետո սրբիչը թրջել եմ՝ դրել եմ ճակատին, օգնություն եմ ցուցաբերել, գոռացել եմ՝ շտապօգնություն կանչեք, գնացել եմ հիվանդանոց։ Քննիչները գիտեին, որ Քրիստինեն մահացել է, բայց ինձ չձերբակալեցին այդ պահին, ես ինքնակամ եմ գնացել ոստիկանություն»,–ասաց նա։

 Իլարիոնի խոսքով՝ կինը հոգեկան շեղումներ ուներ և դեղեր էր ընդունում, սակայն ինքը աչք է փակել դրա վրա, քանի որ վստահ է եղել, որ Քրիստինեն կփոխվի։

Ամբաստանյալը խնդրեց դատարանին՝  իր նկատմամբ հնարավորինս մեղմ պատժաչափ նշանակել՝ հավելելով, որ զղջում է կատարվածի համար։

Նշենք, որ դատաքննության ընթացքում Քրիստինեի հարազատները երբևէ չեն ներկայացել դատարան։ Գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Քրիստինեի հայրը դատարանին հասցեագրված դիմումում հայտնել է, որ դատարանից որևէ պահանջ չունի, պատժաչափի ընտրությունը թողնում է դատարանի հայեցողությանը, ինչպիսի դատավճիռ որ կայացնի դատարանը՝ չի բողոքի։

Հաջորդ դատական նիստում ամբաստանյալը հանդես կգա վերջին խոսքով։

Տպել
Ամենաշատ