News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հղիության 9 ամիսների ընթացքում առողջական ոչ մի խնդիր չի եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին մահացած ծննդկան Քնարիկ Մանուկյանի հարազատները՝ պնդելով, որ ծննդկանի եւ նրա նորածնի մահվան մեղավորը Վեդիի ծննդատան բժիշկներն են։

«Ամսի մեկի առավոտյան տարել ենք հիվանադանոց, ասացին՝ նորմալ է ամեն ինչ, բայց ծննդաբերությունը հնարավոր է գիշերը 11-ին լինի։ Եկել ենք տուն, իմացանք, որ Քնարիկի մոտ ցավերն ուժեղացել են։ Գնացինք ծննդատուն, բժիշկ Խաչատրյանը մոտեցավ, ասաց՝ երեխայի սրտի զարկերը չեմ լսում»,- պատմեցին հարազատները։

Քնարիկի մոր՝ Մանուշակ Մանուկյանի խոսքով՝ դրանից հետո բժիշկներն ասել են, որ Քնարիկին ուլտրաձայնային հետազոտության են տանում։

«Մենք սպասում էին այդտեղ, Քնարիկս եկավ արցունքն աչքերին, ինքն արդեն գիտակցում էր, որովհետեւ իրեն արդեն հասկացրել էին, նախապատրաստել էին։ Մինչեւ կաբինետ մտնելը ես ասացի՝ բալես մի նեղվի, դու ապահով ձեռքերում ես, բժիշկներն ամեն ինչ կանեն քո համար։ Ես չգիտեի, որ բժիշկները ղասաբ են, պետք է մորթեին իմ երեխուն, ուղարկեին»,– ասաց Քնարիկի մայրը։

Քնարիկի սկեսուրի խոսքով՝ իրենց չեն թողել, որ մտնեն հետազոտության սենյակ, բայց ինքը պնդել է եւ ներս մտել։

«Ճիշտ է՝ չեմ հասկանում, բայց իր բոլոր խնդիրները ես տեսա։ Վերեւից բժիշկը զանգեց՝ Աշոտ Խաչատրյանը, ասաց Մաթեւոսյան ի՞նչ կա, պատասխանեց՝ չկա։ «Չկա»-ն ես հասկացա, որ թոռնուհիս չկա, ոչ թե հարսս, այլ թոռնուհիս։ Ես լացելով դուրս եկա, ասի՝ Մանուշ, երեխեն չկա, գոնե հարսիս կյանքը փրկեն»,- ասաց Սիլվա մկրտչյանը։

Քնարիկի մայրը պատմեց, որ բժիշկները ստուգման ժամանակ ասել են, թե երեխայի պորտալարը փաթաթված է․ «Երեխեն էխոյի բժշկուհուն ասել էր՝ վտանգավոր բան կա՞, պատասխանել էր՝ դու հանգիստ եղիր, ոչ մի բան էլ չի լինի, դու չես էլ հասկանա, որ ասեմ»։

Մահացած ծննդկանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը, հույս հայտնեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետեւողական կլինի, եւ մեղավորները կպատժվեն․ «Արսեն Թորոսյան, խնդրանքով դիմում եմ քեզ։ Դու կարող ես այս հարցի լուծումը տալ, եւ վերջապես մեր բժշկությունը կգնա ճշմարտության ճանապարհով։ Մաքրեք այդ կեղտերին այդ համակարգից»։

NEWS.am-ը զրույցեց նաեւ Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթեւոսյանի հետ։ Նա ասաց՝ այս օրերին ամեն ինչ լսել է իրենց հասցեին, սակայն պետք է մասնագիտությանը տիրապետող մարդ լինի, հետո նոր խոսի։

«Մենք բժիշկ ենք, նվիրված մեր մասնագիտությանը, ես 40 տարվա բժիշկ եմ, դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, եղել եմ գինեկոլոգ, արդեն 1 տարի է՝ Վեդիի ծննդատան տնօրենն եմ։ Վերջին 20 տարում եղել եմ Արարատի մարզի գլխավոր գինեկոլոգ։ Եթե բժիշկը մի հիվանդի ձեռք է տալիս, արդեն մեղավոր է։ Մենք չենք ասում՝ մենք անմեղ ենք, բայց վերեւը Աստված, մենք արել ենք մարզային հնարավորությունների վերին սահմանում։ Վիրահատությունն այնքան արագ ենք կազմակերպել, որը մարզային մակարդակներում բավականին դժվար է։ Ծննդատան բոլոր աշխատակիցները եղել են տեղում, գիշերվա այդ ժամին ես էլ եմ եկել, արագ կազմակերպվել ենք ու վիրահատել։ Մեր բաժնի վարիչն այնքան ճիշտ էր կողմնորոշվում, որ ես անգամ զարմացած էի, իրեն առաջարկում էի չանել վիրահատություն, ինքն ինձ ասաց՝ չէ, արյունահոսությունը դուրս չի գալիս, գնում ենք վիրահատության, դու շուտ լվացվի»,- ասաց Մաթեւոսյանը։

Տնօրենի խոսքով՝ հիվանդանոցում առկա են եղել բոլոր անհրաժեշտ միջոցները․ «Ես ծննդատանն ունեմ բոլոր արյան խմբերից արյուն, ծննդկանի արյան խմբից ես 3 հատ ունեցել եմ։ Մինչեւ ես այդ 3 հատ արյունն օգտագործելն արդեն Աշտարակի ԲԿ եմ զանգահարել, որպեսզի ծննդատուն արյուն ուղարկեն։ Այդ ժամանակ ինձ մոտեցան ծննդկանի հարազատները, հարցրին, թե արյան հարցն ինչպես ենք լուծելու, ես ասացի, որ ԲԿ-ից ուղարկում են, իրենք էլ ասացին՝ կլինի մենք գնանք բերենք, որ ավելի արագ լինի»։

Հարցին, թե ինչու մահացած երեխային կեսարյան հատմամբ չեն հեռացրել, Մաթեւոսյանը պատասխանեց. «Մենք մահացած պտղի դեպքում ինչո՞ւ պետք է կեսարյան անեինք, եթե 5սմ բացում է եղել, ինքը կարող էր ծննդաբերել։ Գնացեք, հարցրեք բոլոր մասնագետներին, մահացած պտղի դեպքում, երբ 5-6 սմ բացում է եղել, բժիշկը պե՞տք է կեսարյան անի, թե ոչ։ Սա առաջին դեպքն էր, որ մահ է գրանցվել։ Մեր ծննդատան ցուցանիշները լավագույնն են։ Իմ ծննդատունը բրենդային ծննդատուն է»։

Կեսարյան միջամտությունից հրաժարվելու որոշման մասին հարազատները տեղյակ չեն եղել, տնօրենը բացատրեց պատճառը․ «Որ հարազատները ասում են՝ մեզ չեն տեսել, չեն ասել, մենք ժամանակի մեջ չենք տեղավորվել, մեզ պետք էր Քնարիկի կյանքը փրկել։ Մենք ավելի ծանր հիվանդներ ենք ունեցել, շատերի կյանքն ենք փրկել։ Ծննդատան բաժնի վարիչը՝ Աշոտ Խաչատրյանը, տարածաշրջանում բավականին մեծ համբավ ունի, որ շատ բժիշկներ չունեն։ Ես ընդունում եմ, որ դժբախտություն է, այնքան ծանր է, որ ես մի փոքր էլ խոսեմ, կհուզվեմ»,- ասաց Մաթեւոսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին եւ 2-ին Վեդիի ծննդատանը մահացել են 29–ամյա ծննդկան Քնարիկ Մանուկյանը եւ նրա նորածինը։ Բժիշկների խորհրդով մայրը ինքնուրույն էր ծննդաբերել արդեն մահացած երեխային, որից հետո սկսվել էր արյունահոսություն։ Ժամեր անց մահացել էր նաեւ ծննդկանը։

Տպել
Ամենաշատ