News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը տրվեց երեկ Ստեփանակերտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման արարողությանը խոսեց միասին լինելու երջանկության մասին։

Ողջույնի խոսք ասաց նաեւ Արցախի նախագահը, այս համահայկական միջոցառումը նա համարեց յուրովի պատասխան ադրբեջանական ագրեսիային։

Ստեփանակերտի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2050 թվականի հեռանկարում պետք է ունենանք աշխարհի 10 ամեանարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։ Արթուր Վանեցյանը այս նպատակը հավանական համարեց։ Լրագրողների նա պարզաբանել է, թե ինչ սկբունքով:

ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին Վանեցյանը հայտնեց, որ դրանց մեծ մասը վերականգնվել է։

Բրիտանական BBC-ն Մարտի 1-ի գործի վերաբերյալ հոդված է հրապարակել՝ հետաքննության նյութերից մեջբերելով քննիչների կարծիքներն ու հարցադրումները։ Ըստ  դրանց՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որ հայտնի է Օգանովսկի մականվամբ։ Քննիչները պնդել են, որ նրա ջոկատը տեղավորվել է նախագահի աշխատակազմի նկուղում: NEWS.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանը հերքեց այս տեղեկությունները․ «Ես չգիտեմ՝ ինչու է նման հոդված հրապարակվել, սակայն, այն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարեւանների կողմից»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները եւս անդրադարձան BBC-ի հրապարակմանը՝ հայտարարելով, որ այդ վարկածը հաստատող որեւէ ցուցմունք գործում չկա։ 

Իսկ Քոչարյանի գործի դատավարության մեջ, ըստ նրանց, ոչինչ չի կատարվում։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելուց  հետո նոր դատավոր չի նշանակվել, եւ գործընթացը կասեցվել է: Փաստացի նախկին նախագահը կալանավորվել է անժամկետ՝ իր կալանքի մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Սահմանադրական դատարանի դիմումը առաջին ատյանի դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա գործերով խորհրդատվական կարծիքի վերաբերյալ։ ՄԻԵԴ-ից նաեւ տեղեկացրել են, որ դիմումը կքննարկվի առաջնահերթության կարգով։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը դիմել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Երեւանի Կիեւյան կամրջից 24-ամյա աղջիկ է ցած նետվել։ ԱԻՆ-ը ահազանգը ստացել է այսօր առավոտյան ժամը մոտ 11-ին։ Աղջիկը կենդանության նշաններ է ցույց տվել, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նա գիտակցության չի եկել, վիճակը ծայրահեղ ծանր է, բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։ Բժիշկները պայքարում են աղջկա կյանքը փրկելու համար։

Համացանցում «սեւ պանտերա» անունով օգտատերը տեսանյութեր է հրապարակել,  որտեղ նա դիմակավորված մագլցում է ժայռերը՝ չօգտագործելով լեռնագնացի հարմարանքներ։ Մի տեսանյոթում նա մսով կերակրումէ  Կարմիր գրքում գրանցված գիշանգղի ձագի, մեկ այլ դրվագում՝ բարձրանում է Գեղարդավանքի գմբեթի վրա։ Այս տեսարանին արձագանքել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Ապշած ենք։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ»,- ասել են Էջմիածնի Տեղեկատվական համակարգից՝ կոչ անելով հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք վիրավորում են քրիստոնեական զգացմունքները։ 

Հատուկջոկատայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի տունը եւ ձերբակալել նրան։ Գրոհի ժամանակ նրանք կիրառել են ռետինե փամփուշտներ, աղմկաձայնային նռնակներ, քաղաքական գործչի կողմնակիցները պաշտպանվել են քարերով։ Տուժել է 10 մարդ: Ալմազբեկ Ատամբաեւը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-17 թվականներին: Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը նրան կասկածել է մի շարք հանցագործությունների համար՝ քրեական հեղինակություն Ազիզի Բատուկաեւի ապօրինի ազատ արձակում, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կատարված կոռուպցիա, ածխի անօրինական մատակարարումներ և այլն: Հունիսի 17-ին նրա դեմ 9 մեղադրանք է առաջադրվել: Հունիսի վերջին Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահին զրկել է անձեռնմխելիությունից:  Ատամբաեւը չի ընդունել մեղադրանքները։ Նա կտրականապես հրաժարվել էր ծանուցումով  իրավապահ մարմիններ ներկայանալ եւ սպառնացել էր, որ  կպաշտպանվի կալանավորելու փորձի դեպքում

Դոլարի փոխարժեքն այսօր աննշան աճել է՝ կազմելով 476 դրամ։ Եվրոն 532 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 578, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 33 դրամ։ 

Հայաստանում օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը