News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել մրցույթ, նոր կարգ է սահմանվել, ըստ որի լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով բուհի դասախոսների ահազանգի մասին, ըստ որի դասախոսական կազմի մրցույթի արդյունքում 200 դասախոս կարող է զրկվել աշխատանքից։

«Մրցույթի արդյունքների հարցով նրանք դիմել են դատարան, իրավական գործընթաց է, որոնք կկարգավորվեն օրենքի սահմաններում, որեւէ խնդիր չեմ տեսնում»,–նշեց նա։

Դիտարկմանը, որ բուհում անառողջ մթնոլորտ է, նախարարն արձագանքեց. «Ես նման մթնոլորտ չեմ տեսնում բուհում,  նորմալ գործընթացներ են գնում, եւ առողջացման գործընթաց է գնում, բնականաբար դա որոշակի դիմադրություն պետք է առաջանա, բայց եթե նրանք կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ ցանկանում հանդիպել նրանց հետ, դասախոսները պնդում են, որ ուզում են հանդիպել եւ խնդիրը նախարարի հետ քննարկել, որին Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ախր հիմա որ ասեմ, կասեն ասում է, բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ, հիմա ռեկտորի պաշտոնակատար այլ մարդ է դարձել, այս ուղղությամբ են գնում»։

Նա, սակայն, բողոքող դասախոսների հետ հանդիպելու մասով հավելեց, որ կարող են գալ, ինքը որեւէ խնդիր չունի հանդիպելու հետ կապված։

Նախարարը նշեց, որ ռեկտորի պաշտոնակատարին համարում է տնտեսագիտության ոլորտի երիտասարդ ամենահեռանկարային մասնագետներից մեկը։

Իսկ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ–ի ղեկավարի հետ կխոսի, կպարզեն արտագրված է այն, թե այս լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

200 դասախոսի՝ բուհից դուրս մնալու մասով Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման տեղեկություն չունի. «Ես գիտեմ, որ տեղի է ունեցել մրցույթ, նոր կարգ է սահմանվել, ըստ այս նոր կարգի լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել»։

Նախարարը, սակայն, շեշտեց՝ բուհերում ունենք ուռճացված համակարգեր։

Տպել
Ամենաշատ