News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօրվանից KinoPark-ում ցուցադրվում է Քվենտին Տարանտինոյի երկար սպասված «Մի անգամ... Հոլիվուդում» կինոնկարը: Իսկ նախացուցադրումը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ֆուրշեթով եւ ֆիլմի սաունդթրեքերի կենդանի կատարմամբ: Ընդհանրապես ուրախացնում է, որ Հայաստան է մտել նախացուցադրության մշակույթը՝ սա հարգանքի տուրք է համաշխարհային կինեմատոգրաֆին, իսկ այս դեպքում՝ նաեւ այնպիսի վարպետին, ինչպիսին Տարանտինոն է, եւ նրա հերթական գլուխգործոցին: Նշենք, որ «Մի անգամ... Հոլիվուդում»-ը Քվենտին Տարանտինոյի 9-րդ ֆիլմն է, որում նա հանդես է գալիս նաեւ որպես սցենարիստ:

Տարանտինոն ֆիլմը դիտած լրագրողներին անձամբ խնդրել է ֆիլմի գաղտնիքը չբացահայտել: Բայց կարծում ենք՝ ձեր տոնը չենք փչացնի, եթե հայտնենք, որ կինոնկարում իրադարձությունները ծավալվում են 1969 թվականի Լոս Անջելեսում. դերասան Ռիկ Դալթոնը (Լեոնարդո Դի Կապրիո) եւ նրան կրկնօրինակող կասկադյոր Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ) փորձում են կարիերա կառուցել, իսկ նրանց հարեւանությամբ բնակություն են հաստատում ռեժիսոր Ռոման Պոլանսկին եւ դերասանուհի Շերոն Թեյթը, որն այդ ամառ զոհվել էր Չարլզ Մենսոնի բանդայի ձեռքով:

Մտացածին հերոսներին տեղավորելով այն տարիների իրական Հոլիվուդում՝ հեղինակը այդ ժամանակաշրջանով հետաքրքիր էքսկուրս է կատարում: Սա անցյալից գեղեցիկ բացիկ է՝ Տարանտինոյի հարգանքի տուրքը երազանքների ֆաբրիկային: Հերոսների հետ միասին մենք հանդիպում ենք ոչ միայն Ռոման Պոլանսկուն, այլեւ երիտասարդ եւ հանդուգն Բրյուս Լիին: Նաեւ հայտնվում ենք Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների առանձնատանը… Մի խոսքով՝ շատ բան կա այն ամենից, ինչից ուղղակի մանկական հիացմունքի մեջ ես ընկնում:

Գրեթե ինչպես «Քրեական ընթերցվածքից»: Այնուամենայնիվ՝ ոչ: «Մի անգամ Հոլիվուդում»-ում չկա բուտաֆորային արյուն, պիժոնների խաղերի պատմություններ, այստեղ բռնությունը հաճախ կադրից դուրս է տարվում, եւ անգամ լպիրշ f..k-ը այնքան էլ հաճախ չի արտաբերվում: Ֆիլմում չափից ավելի է անձնականը: Տարանտինոն պատահաբար չի ֆիլմն անվանում «Քրեական ընթերցվածք»-ին ամենամոտը. կինոնկարը հոյակապ է ցույց տալիս, թե ռեժիսորը որքան է փոխվել, որովհետեւ այն «Ընթերցվածքից» անսահման հեռու է: Ահա այսպիսի պարադոքս:

Արժե՞ արդյոք ասել, թե որքան նրբարվեստ ու վառ է դերասանների խաղը, ինչպիսի զարմանալի աշխատանք են կատարել օպերատորները. երեւում է Տարանտինոյի ձեռագիրը՝ նրա ֆիլմերին հատուկ ոչ ստանդարտ ռակուրսներով: Իհարկե, առանձին «մեծարանքի» են արժանի դեկորատորները եւ դերձակները...

Դե, իհարկե, նաեւ հրաշալի սցենարը, որը լի է ցնցող երկխոսություններով եւ մենախոսություններով՝ աշխույժ, էֆեկտիվ եւ հեգնական, այն էլ՝ այնպիսի վարպետների կատարմամբ, ինչպիսին Դի Կապրիոն ու Փիթն են: Հզորագույն տանդեմ: Երկու տաղանդավոր դերասանները վերջապես միեւնույն հարթակում են եւ այնպիսի ինքնանվիրումով են աշխատում, ասես «Մի անգամ... Հոլիվուդում»-ը էկրանին նրանց վերջին հայտնվելն է:

Ֆիլմում նաեւ նկարահանվել են հոլիվուդյան լավագույն աստղեր՝ Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Թիմոթի Օլիֆանտը: Նրանք ֆիլմում էպիզոդիկ դերեր են կատարում, բայց մի՞թե դա կարեւոր է: Տարանտինոյի ցանկացած նախագիծ ադամանդ է, որից հրաժարվելը դերասանների համար խելագարություն է:

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա մեկ անգամ եւս նշենք՝ մենք «կինոնկար-կոնֆետ» ենք ստացել՝ հոյակապ բեմադրությամբ, մթնոլորտով, շքեղ դերասանական կազմով, զիլ սցենարով եւ ցնցող օպերատորական աշխատանքով: Քվենտինը հերթական անգամ ապացուցեց, որ կինոն արվեստի բուն էությունն է: Չէ՞ որ բազմասերիանոց ֆրանշիզները կամ տարբեր տեսակի ռիմեյքները որքան էլ լավը լինեն, անվերջանալիորեն հեռու են վառ, յուրօրինակ կինոյից...

P.S.

Եթե կարծում եք, թե ֆիլմն անթերի է, ապա սխալվում եք. այն մեկ մինուս ունի՝ Տարանտինոն կադրում չի երեւացել, անգամ կամեոյում: Համաձայնեք, որ էֆեկտիվ կլիներ: Չնայած վարպետը, հավանաբար, ավելի լավ գիտի...

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ